«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանների պահապան Սուսաննա Էվոյանը ս.թ. փետրվարի 8-ին հուշարձանների տարածք հերթական շրջայցի ժամանակ արձանագրել է, որ Դսեղ գյուղում գտնվող խաչքարերից մեկը /պետ. ցուցիչ` 5.35.17, 11-12 դդ./ ընկել է պատվանդանից, կոտրվել` բաժանվելով մասերի:
Բնակլիմայական պայմանների` ուժեղ քամու հետևանքով վնասված խաչքարը թեքված վիճակում կանգնած է եղել պատվանդանին, որը գտնվում է գյուղի կենտրոն տանող ճանապարհի եզրին՝ քաղաքացի Գ. Եղիկյանի տնամերձի հարևանությամբ: ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները դեպքի մասին տեղեկացրել են ՊՈԱԿ-ի տնօրինությանը, Դսեղ համայնքի ղեկավարին:
ՊՄՊ մարզային ծառայության պետը հանձնարարել է մ/ծ պետի տեղակալ, Թումանյանի տարածաշրջանի պատասխանատու Կարեն Յոլչինյանին և հուշարձանի պահապան Սուսաննա Էվոյանին համայնքի ղեկավարի աջակցությամբ խաչքարի մասերը հավաքել կողք-կողքի՝ ոտնակների վրա գտնվող պատվանդանի տակ, որն անմիջապես կիրականացվի տեղացող ձյան դադարելուց հետո:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկայում ևս միջոցներ կձեռնարկի խաչքարի հետագա ճակատագրի լուծման համար: