«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նոր ցուցադրությունում ներկայացված է Մեծամորի հնավայրում 1960- 2014 թթ իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների մի մասը: Արգելոց-թանգարանի ֆոնդերում 28000 թանգարանային առարկա կա, որից ցուցադրվում է շուրջ 10000-ը: Դրանց զգալի մասը հայտնաբերվել է Մեծամորի նվիրյալների՝ հնագետներ Էմմա Խանզադյանի և Կորյուն Մկրտչյանի իրականացրած պեղումների ընթացքում:
Հնագիտական աշխատանքները շարունակվել են նաև 2010-2015թթ: Հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը փաստում է, որ Մեծամորն այսօր Մերձավոր Արևելքի ամենաբարձր չափանիշներն ունեցող հուշարձաններից է: Նրա վկայությամբ առաջին և երկրորդ հարկերում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Նկուղային հարկում է գտնվում հատուկ զետեղարանը, որտեղ ներկայացված են մ.թ.ա. III-I հազարամյակների ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքները: Հատուկ զետեղարանում է պահվում նաև պեղավայրի դամբարանախցերից մեկում հայտնաբերված մեծարժեք եզակի գտածոն՝ մուգ շագանակավուն հիմնագույն և կաթնավուն երակներ ունեցող սարդոնիքսի բնակտորից պատրաստված գորտի արձանիկը: Այն իրանի ողջ երկայնքով միջանցիկ հորիզոնական գայլիկոնում ունի` ուլունքաշարի մեջ կամ վզնոցին հագցնելու համար: Արձանիկը կարևոր տեղեկություն է պարունակում Մերձավոր Արևելքում XVI-XV դդ.՝ մասնավորապես ոսկու, տարանցիկ առևտրի որոշ մանրամասներ վերականգնելու համար: Գորտի մեջքին, թաթերին և որովայնի շրջանում բաբելոնյան գրելաձևով արված աքքադերեն սեպագիր արձանագրությունը հաղորդում է. «Սա 1 սիկղն է Ուլամ-Բուարիաշի, Բուրնա-Բուարիաշ թագավորի որդու»: Խոսքը մ.թ.ա. XVI դարի վերջից մինչև մ.թ.ա. XV դարի առաջին կեսին Կասսիտական Բաբելոնում իրար հաջորդած տիրակալների մասին է:
«Կշռի միավորը (1սիկղ ) վերծանողները (Ի.Դյակոնով, Գ.Սարգսյան, Է.Խանզադյան) ենթադրել են, որ գորտի արձանիկ կախիկը կշռաքար է, այն կշռում է 8.64 գ, ինչն էլ, ըստ էության, համապատասխանում է միջագետքյան 1 սիկղին (սիկլ)», – եզրափակում է հնագետը: