ԹԱՏՐՈՆԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

ԹԱՏՐՈՆԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Դիլիջանը մշտապես աչքի է ընկել հարուստ ու բազմազան մշակութային կյանքով, այդ իմաստով առանձնակի կարևորություն է ներկայացնում թատրոնը: Դեռևս 1880 թվականին՝ Դիլիջանի ծխական դպրոցի ուսուցիչ Արշակ Սիմոնյանը կազմակերպել էր 15 թատերասերներից բաղկացած թատերախումբ: Պիեսների բեմականացման համար անհրաժեշտ զգեստները տրամադրում էին Թիֆլիսի և Ալեքսանդրապոլի թատերախմբերը: Նրանց նախաձեռնությամբ բեմադրվել է «Արշակ Երկրորդ» և «Վարդանանց պատերազմը» պիեսները:

Տարիներ ի վեր Դիլիջանը իր հյուրընկալ գիրկն է ընդունել տարբեր վայրերից ժամանած հազարավոր մարդկանց: Այստեղ էին հանգստանում իշխանուհի Մարիամ Թումանյանը, գործարար և բարեգործ Սամսոն-Բեկ Հարությունյանը, ճարտարապետ Գրիգոր Յարալովը, արվեստի և մշակույթի նշանավոր գործիչներ` Շիրվանզադեն, Պռոշյանը, Թումանյանը, Լևոն Շանթը, Կոմիտասը, Րաֆֆին, Չարենցը և այլք:

Դիլիջանում ելույթներ են ունեցել հայ բեմի երախտավորներ Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, Սաթենիկ Ադամյանը, Վահրամ Փափազյանը, Արուս Ոսկանյանը, Հասմիկը:

19-րդ դարի վերջին դիլիջանցիներն իրենց միջոցներով քաղաքի ամենագեղատեսիլ վայրում կառուցեցին բացօթյա թատրոնի շենք՝ «Ռոտոնդոն»: 1905 թվականին՝ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 80-ամյակի առթիվ, առաջին անգամ Դիլիջանում բեմադրվում է նրա «Պեպո» կատակերգությունը, որին ներկա են լինում Շիրվանզադեն, իշխանուհի Մ. Թումանյանը, Պ. Պռոշյանը և այլ հայտնի գործիչներ: Հյուրախաղերով Դիլիջան էին ժամանում Թիֆլիսի, Բաքվի և Ալեքսանդրապոլի թատերախմբերը, որոնք աչքի էին ընկնում դերասանական բարձր վարպետությամբ: Նրանց կողմից բեմադրվել են Լ. Շանթի «Հին աստվածներ» դրաման, Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունը, ինչպես նաև «Աշխարհի դատաստանը», «Պատվի համար», «Խաթաբալա» և «Սայաթ-Նովա» պիեսները: Խորհրդային կարգերի հաստատումից հետո կազմավորված նոր թատերախմբի ղեկավար է նշանակվում տաղանդավոր դերասանուհի Հասմիկը, որին օժանդակում էին թատերական գործիչներ Սիմոն Ղազարյանը և Գուրգեն Դավթյանը: Առաջին բեմադրությունը «Փարիզի կոմունա»-ն էր, իսկ հաջորդը՝ «Պեպո» կատակերգությունը:

1932թ. Դիլիջանի թատերախմբի հիմքի վրա ստեղծվում է պետական թատրոն, որի տնօրեն է նշանակվում Դավիթ Գուլազյանը, իսկ ռեժիսոր՝ Բագրատ Մուրադյանը:

1938 և 1953 թթ. Հայաստանում անցկացվում են հանրապետական ստուգատեսներ, որոնց մասնակցելու էին եկել Երևանի, Կիրովականի, Ստեփանավանի, Ալավերդու, Ղափանի, Գորիսի, Արթիկի և Դիլիջանի թատերական խմբերը: Այդ ստուգատեսներում Դիլիջանի թատերախուբը զբաղեցրել է առաջին տեղը:

1948թ. արվեստի վարչությունը՝ մի շարք շրջանային թատրոնների հետ միասին, փակեց նաև Դիլիջանի թատրոնը, որից հետո մշակույթի տանը կից ստեղծվեց թատերական խմբակ` գործելով մինչև 1959 թվականը: Կուլտուրայի մինիստրությունը՝ հաշվի առնելով Դիլիջանի թատերական խմբակի անցած ուղին, որոշեց ստեղծել ժողովրդական թատրոն: Թատրոնը ակտիվորեն մասնակցում էր Հայաստանի տարբեր քաղաքներում և շրջաններում կազմակերպված հյուրախաղերին: Ժողովրդական թատրոնի դերասանների կողմից բեմադրված «Սիրտը կանչում է» պիեսը անտարբեր չթողեց թատերասեր հասարակությանը, ինչպես նաև Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված ինքնագործ արվեստի փառատոնի ժյուրիի անդամներին: Թատրոնի անձնակազմը պարգևատրվեց համամիութենական դիպլոմով և արծաթե մեդալով: Շնորհալի երիտասարդ դերասանուհի Անահիտ Վարժապետյանին՝ Սուսանի դերը («Նամուս») վարպետորեն մեկնաբանելու և հրաշալի խաղ ցուցաբերելու համար, ժյուրին արժանացրեց համամիութենական առաջին կարգի դիպլոմի և պարգևատրեց արծաթե մեդալով, իսկ դերասան Գյանջի Մովսիսյանն (Միքայելի դերակատար) արժանացավ համամիութենական առաջին կարգի դիպլոմի և բրոնզե մեդալի:

Դիլիջանի ժողովրդական թատրոնի ստեղծագործական կյանքը բուռն վերելք ապրեց նաև 1970-90-ական թվականներին: Ցավոք, 2003 թվականից թատրոնը դադարեցրել է իր գործունեությունը: