ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու դերասանները երեկ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էին: 21 տարվա ընդմիջումից հետո արգելոց-թանգարանի այցելուների դատին էր հանձնվել հեռուստաթատրոնի առաջին ներկայացումը` «Խաղ»-ը:
Սյուժեն` թագուհու, արքայի, սիրամարգի ու այլ կերպարների մասնակցությամբ գեղեցիկ լեգենդն է, որի դրամատիկ իրադարձությունները զարգանում են արքայական պալատում: Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի համոզմամբ Գառնի տաճարի ճարտարապետական շունչը համահունչ է պալատական միջավայրին ու տեղին է հենց այդ միջավայրում «Խաղ»-ը բեմականացնելը:
Նրա խոսքով հուշարձանների տարածքներում նմանօրինակ նախաձեռնությունների փորձ ունեն. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, Շուշի:
«Այս նախաձեռնությունը հուշարձանները հանրահռչակելու և օտարեկրացիներին մեր մշակույթը ճանաչելի դարձնելու հրաշալի առիթ է: Համոզված եմ, որ հուշարձանների տարածքներում նման միջոցառումները շարունակական կլինեն», – նշել է Ժ. Դադասյանը:
Հեռուստաթատրոնի ներկայացումը` «Խաղը», շրջագայել է տարբեր երկրներով և քաղաքներով` Պեկին, Բեռլին, իսկ արդեն նոյեմբերին` հայկական մշակույթի օրերի շրջանակում, մնջախաղի թատրոնը կլինի ՌԴ տարբեր քաղաքներում: