Միջնադարյան Հայաստանում քարավանային առևտրի զարգացմանը զուգահեռ ընդարձակվել ու բարեկարգվել են ճանապարհները, կառուցվել իջևանատներ, քարավանատներ: Նմանօրինակ կառույցների շարքին է դասվում նաև իր աշխարհագրական դիրքով և ճարտարապետական լուծումներով առանձնակի կարևորություն ունեցող, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր համայնքում գտնվող Սելիմի քարավանատունը (Սուլեմայի կամ Չեսարի քարավանատուն): «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնած միջոցառումը նվիրված էր հուշարձանի կառուցման 685 ամյակին:
Միջոցառման մասնակիցները պատմական ակնարկի միջոցով անդրադարձել են 13-րդ դարի առաջին կեսին Օրբելյանների իշխանական տոհմի հիմնադրմանը Հայաստանում, խոսել` Չեսար Օրբելյանի կողմից Սելիմի քարավանատան կառուցման մասին: Քաջբերունու բնութագրմամբ` այն հզոր և խրոխտ շինություն է:
«Չեսարի քարավանատունը նման է պատմական Հայաստանի Տայք նահանգի նմանատիպ քարավանատներին: Տայքից Վայոց ձոր տեղափոխվելուց հետո Օրբելյանները նման քարավանատուն են կառուցել են նաև այս մարզում:
Օրբելյանների տոհմը հետաքրքիր ձեռագիր է թողել հայոց պատմության մեջ: Շինարար ու մեծ գիտնական Ստեփանոս Օրբելյանի շնորհիվ մենք այսօր շուրջ 700 բնակավայրի մասին սկզբնաղբյուր տեղեկություններ ունենք: Շատ կարևոր է, որ սերունդները հիշեն ու պահպանեն մեր պատմամշակութային ժառանգությունը», -իր ելույթում ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով Հայաստանն ու մասնավորապես Վայոց ձորը` աչքի են ընկնում մշակութային հարուստ ու հայկական ուրույն ճարտարապետությամբ: «Շնորհավորում եմ բոլորիս այդ «մարգարիտներից» մեկի`Սելիմի կամ ինչպես շատերն են անվանում` Չեսարի քարավանատան կառուցման 685 ամյակի առիթով»,-մաղթել է Ա.Թարվերդյանը:
Միջոցառման ավարտին ՊՈԱԿ-ի տնօրենությունը պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցներին` անբասիր ու նվիրված աշխատանքի, Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջին` համագործակցության համար: Ի դեպ` քոլեջի պատասխանատուները ձեռնունայն չէին եկել: Նրանք ՊՈԱԿ-ի ղեկավարությանն են հանձնել ուսանողների պատրաստած փայտյա հուշանվերը:
Ի դեպ, «Արփի» բնապատմական արգելոցի երկու աշխատակից պատվոգրի է արժանացել ս. թ. սեպտեմբերի 23-ին արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մինչ հրշեջների ժամանումը մարելու համար:
Միջոցառման ընթացքում Գետափ համայնքի մշակույթի տան սաները հանդես են եկել պարային կատարումներով: