ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԱՐԱՐԱՏԻ, ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԱՐԱՐԱՏԻ, ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

2021-11-17T14:07:45+00:00 21/05/2018|Լրահոս|

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության և  ՊՈԱԿ-ի Մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ Թանգարանների  միջազգային  օրվան  նվիրված` «Նուռն ու խաղողը  հայ միջնադարյան ճարտարապետության  զարդաքանդակներում» խորագիրը կրող լուսանկարների ցուցադրություն է բացվել Վեդու քաղաքային գրադարանում:  Ներկայացվել  է  ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող 15 լուսանկար:  Ցուցադրության բացմանը մասնակցել են համայնքի թիվ 2 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ,  քաղաքային գրադարանի աշխատակիցներ:

Մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը ներկայացրել է օրվա խորհուրդը, աշակերտներին առաջարկել այցելել Հայաստանի տարբեր թանգարաններ, նաև` ցուցադրության լուսանկարներում պատկերված հուշարձանների տարածքներ («Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, Նորավանքի ու Տաթևի վանական համալիրներ, Պտղնի եկեղեցի)։

 

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը հանդես է եկել «Նուռը և խաղողը հայ միջնադարյան ճարտարապետության զարդաքանդակներում» թեմայով դասախոսությամբ։

«Խաղողի որթերի և նռենու պատկերները, միջնադարյան հայ քանդակագործության մեջ և, ընդհանրապես, հայկական մշակույթի մեջ լայն տարածում գտած ու սիրված զարդանախշեր են և ընկալվում են որպես ազգային խորհրդանիշ», -իր խոսքում նշել է Անահիտ Դալլաքյանը։

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Հրազդանի Երկրագիտական  թանգարանի համատեղ նախաձեռնությամբ էլ  կազմակերպել է Հայաստանի առաջին  հանրապետության  100-ամյակին  և թանգարանների  միջազգային  օրվան նվիրված ցուցավահանակների ցուցադրություն։ «Վիշապաքարերի ուսումնասիրությունների  պատմությունը» թեմայով  12 շարժական ցուցավահանակները մարզային ծառայությանը տրամադրել էր ՊՈԱԿ-ը ։

ՊՄՊ Կոտայքի  մարզային  ծառայության  պետ  Կամո Հակոբյանը,  տեղակալ  Ա. Կիրակոսյանը  և  քաղաքապետարանի  աշխատակից Ա.Այվազյանը անդրադարձել են ներկայացված վիշապաքարերի պատմությանը, մշակութային նշանակությանը։  Միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է եկել թանգարանի  տնօրեն  Ա. Գևորգյանը:

Միջոցառմանը ներկա են եղել Հրազդան քաղաքի  մշակույթի,  սպորտի  և  կրթության  բաժնի  պետը, քաղաքապետարանի ու մարզային  գրադարանի  պատասխանատուներ, Հրազդանի  պետական  քոլեջի և բժշկական հաստատության ուսանողներ, թիվ  4  հիմնական դպրոցի  բարձր  դասարանների  աշակերտներ։

 

 

ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ էլ Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գրշերվա շջանակներում Գավառի երկրագիտական թանգարանում, Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում, Սևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում, Ճամբարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում, Վարդենիս քաղաքի Էդվարդ Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում ցուցադրվել է «Գլաձորի համալսարան» փաստավավերագրական ֆիլմը: