ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑ. «ՄԵԾԱՄՈՐ»-Ը ՀԻԱՆԱԼԻ ԹԱՆԳԱՐԱՆ Է, ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՏՈՒՐԻԶՄԸ»

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑ. «ՄԵԾԱՄՈՐ»-Ը ՀԻԱՆԱԼԻ ԹԱՆԳԱՐԱՆ Է, ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՆԵՐՔԻՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՏՈՒՐԻԶՄԸ»

ՀՀ  մշակույթի  նախարար  Լիլիթ Մակունցը, տեղակալներ` Նազենի Ղարիբյանի, Տիգրան Գալստյանի և  Վահե  Բուդումյանի ուղեկցությամբ  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում էր: Մշակույթի  նախարարին  ներկայացվել  է  արգելոց-թանգարանի  գործունեությունը, նախանշվող  ծրագրերը:

Մեծամոր հնավայրի տարածքում  տևական  ժամանակ  պեղումներ  է իրականացնում  հայ-լեհական  արշավախումբը:  Շուտով  լեհերը  կժամանեն  Հայաստան  ու  կվերսկսվեն  այս  տարվա  աշխատանքները:  Մասնագիտական  փորձ  ձեռք  բերելու նպատակով  աշխարհի  տարբեր  երկրներից  ամեն  տարի  Հայաստան  են  գալիս  նաև  արտասահմանցի  ուսանողներ:  Այս  տարի էլ  նախատեսվում  է  նրանց  մասնակցությունը հնագիտական աշխատանքներին: «Մեծամոր» պատմահնագիտական  արգելոց-թանգարանի  վարիչը  ներկայացրել է  հնագիտական արշավախմբի աշխատանքները,  հայ և լեհ ուսանողների պատրաստած «Մեծամորի աստղադիտարան  ֆիլմի  ցուցադրությանը զուգահեռ  պատմել  արշավախմբի վերջին տարիների  ձեռքբերումների մասին:

Արգելոց-թանգարանի վարիչը  անդրադարձել է նաև «Հետաքրքրաշարժ  հնագիտություն» գիտակրթական  ծրագրին, ասելով, որ նպատակը` հնագիտության  ոլորտի նկատմամբ  դպրոցականների շրջանում սեր  ու  հետաքրքրութուն  առաջացնելն է:  Ժամանակավոր  ցուցադրությունների  սրահում  Լիլիթ Մակունցին  ներկայացվել  է  այս  ծրագրի  մանրամասները:

Ա. Զաքյանը տեղեկացրել է, որ հնագիտության  բնագավառում գիտական  նվաճումները հանրահռչակելու, հայ  հնագետների գիտական  ձեռքբերումները ներկայացնելու  նպատակով  արգելոց-թանգարանում նաև  «Մեծամորյան ընթերցումներ»  խորագրով  գիտաժողով  է  անցկացվել:  Նախատեսվում  է  Մեծամորի  հնավայրին  վերաբերող   գիտական  ու  գիտահանրամատչելի աշխատություններն  ամփոփող  ժողովածու  և  ծալաթերթիկներ  հրատարակել:  Անգլերեն  հրատարակությունը  կվաճառվի  նաև   Լեհաստանում, ստացված  հասույթն  էլ` կուղղվի  արգելոց-թանգարանի խնդիրների  լուծմանը:

Առաջիկայում կհրատարակվի նաև 2017 թ. Մեծամորի  հնավայրի պեղումների արդյունքներն ամփոփող հանրամատչելի ձեռնարկը: Տեխնիկական հրատարակությունը կտրամադրվի հստակ ուղղվածություն  ունեցող հաստատությունների գրադարաններին: Իսկ գիտահանրամատչելի  տարբերակը  /լեհերն ու անգլերեն լեզուներով/ կուղղվի սպառման ավելի լայն շուկա:

 

Լիլիթ  Մակունցը  և  նրան  ուղեկցող  անձինք, որոնց  թվում էին  նաև Արմավիրի մարզպետ  Գագիկ Միրիջանյանը,  Տարոնիկ համայնքի  ղեկավար  Արմեն Խլղաթյանը, շրջել են արգելոց-թանգարանի տարածքում` ծանոթացել  ցուցադրությանը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ  Զաքյանը  նախարար Մակունցին  ներկայացրել են  ամենակարևոր  խնդիրը` ճանապարհի բարեկարգումը: Ա. Թարվերդյանը  նշել է, որ այս տարվա  վեց ամիսների ընթացքում  արգելոց-թանգարանի  բացառիկ  ցուցանմուշները  դիտելու է  եկել  ընդամենը  700  այցելու:  ՊՈԱԿ-ի տնօրենի համոզմամբ ճանապարհի  բարեկարգման  ու  որոշ  ենթակառուցվածքների  զարգացման դեպքում  պատկերն  էապես  կփոխվի: Մեծամորը տոմսային տնտեսության է անցել  վերջերս, արժեքն էլ` սիմվոլիկ է: Արա Թարվերդյանի համոզմամբ  տեղական  ինքնակառավարման  մարմինների  հետ  համատեղ  ու արդյունավետ աշխատանքի  արդյունքում  հնարավոր  կլինի  խնդիրը  լուծել:

Ամփոփելով  այցը  ՀՀ  մշակույթի  նարարար  Լիլիթ Մակունցը  նշել է, որ «Մեծամոր»-ը  հիանալի  թանգարան  է  և  պետք  է զարգացնել   ներքին  ու արտաքին  տուրիզմը:  Նախարարը նաև անդրադարձել  է  աշխատանքային  պայմանների  բարելավմանը: Լիլիթ  Մակունցի  խոսքով այցելուն պետք է կարողանա  արգելոց-թանգարանից  իր  հետ որևէ  հուշանվեր տանել: Հետևաբար` անհրաժեշտ  է  զարգացնել  այդ ուղղությունը:

 

Արգելոց-թանգարանում  ներկայացված  ցուցանմուշների  պատկերներով հուշանվերներ պատրաստելու  էսքիզները  ՊՈԱԿ-ում մշակվում են: Պատրաստ  լինելուն  պես  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը փաթեթը  կներկայացնի  ՀՀ  մշակույթի  նախարարին: