97 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԶՎԱՐԹՆՈՑ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՅՐԻ ԵՎ ԿԱԼՎԱԾՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

97 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԶՎԱՐԹՆՈՑ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՅՐԻ ԵՎ ԿԱԼՎԱԾՔԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի այցելուներին մեր էքսկուրսավարները սիրով են ներկայացնում Զվարթունների տաճարի կառուցման պատմությունը, հետաքրքիր տեղեկատվություն փոխանցում հայկական ճարտարապետության գեղեցկուհու մասին։ Պատմական փոքրիկ անդրադարձ կատարենք շուրջ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին, որոնք կարևոր հետք են թողել  հուշարձանների պահպանության ոլորտի հետագա զարգացման ընթացքում։

1923 թ․ մարտի 20-ին ՀԽՍՀ Լուսժողկոմատի №1138 հրամանով ստեղծվել է Զվարթնոց հնագիտական վայրի և կալվածքի վարչություն, կառավարիչ է նշանակվել Խաչիկ վարդապետ Դադյանը: ՀԽՍՀ Լուսժողկոմատի 1924 թ. ապրիլի 17-ի № 141 հրամանով Զվարթնոց հնագիտական վայրն ընդգրկվել է Հայաստանի հնությունների պահպանման կոմիտեի կազմում:

Զվարթնոց արգելավայրի ստեղծումը պայմանավորված էր 1900-1907 թթ. Էջմիածնի միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ և 1904 թ. ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերված Զվարթնոց կամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի և հարակից շինությունների ավերակների պատմաճարտարապետական բացառիկ նշանակությամբ և պատմահնագիտական գտածոների արժեքով:

Զվարթնոց տաճարի հարավային կողմում 1936-1937 թթ. ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և հնագետ Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ կառուցվել է Զվարթնոցի թանգարանային շենքը, որի բացումը կատարվել է 1937 թ. նոյեմբերիր 7-ին։ Առաջին մշտական ցուցադրության հեղինակը եղել է հնագետ Կարո Ղաֆադարյանը։

Արգելավայրը որպես «Զվարթնոցի» հնագիտական վայր գործել է 1924-1944 թթ., հետագայում՝ որպես «Զվարթնոց» հուշարձան թանգարան /1944-1986 թթ./, «Զվարթնոց» պատմաճարտարապետական թանգարան /1986-1989 թթ./, «Զվարթնոց» պատմաճարտարապետական արգելոց-թանգարան /1990-2003 թթ./։

2003 թ. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը  ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղն է։

Արգելոց-թանգարանի ֆոնդերում ներկայումս պահվում է հնագիտական պեղումներից հայտնաբերված 5822 առարկա։ Ցուցասրահներում ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների պատմիչների տեղեկությունները Զվարթնոցի մասին, պեղումներին առնչվող փաստական տեղեկություններ, ճարտարապետական բեկորներ, Ռուսա Երկրորդի արձանագրությունը, հնագիտական հարուստ նյութ, 7-10-րդ դարերով թվագրվող Զվարթնոցատիպ եկեղեցիների լուսանկարներ, չափագրություններ։

2000 թ․ Զվարթնոցը ընդգրկվել  է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։