«Մեծամոր» հնավայրի տարածքում սեպտեմբերի 1-ին մեկնարկել են հնագիտական պեղումները: Արշավախումբը հույս ունի գտնել՝ հնագույն քաղաքի անունը բացահայտող ուրարտական սեպագիր արձանագրություն: Պեղումներն իրականացնում է հայ-լեհական արշավախումբը: Հայաստանից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն » ՊՈԱԿ-ից մասնակցում է 6 հնագետ՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ:
Աշոտ Փիլիպոսյան Արշավախմբի համաղեկավար,«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եվ պատմական միջավայրի պահպանության ծառայություն » ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, դոկտոր, պրոֆեսոր:
Մեծ ակնկալիքներով ենք սկսել այս տարվա պեղումները, մեծ հույս ունենք, որ վերջապես կգտնենք այն սեպագիր արձանագրությունը, որը կօգնի մեզ իմանալ հնագույն այս քաղաքի անունը: Տարածքից սեպագիր արձանագրություն գտնվել է, բայց ոչ ուրատական: Ուզում ենք պարզել՝ ինչպես են մարդիկ ապրել 3000 տարի առաջ: Այստեղ մի քանի հնագիտական շերտ ունենք, ինչը վառ վկայություն է, որ քաղաքը հազարամյակներ շարունակ անընդհատ բնակեցված է եղել:
Լեհական արշավախմբի համաղեկավարը Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակն է, պեղումներին մասնակցում են նաև Վարշավայի համալսարանի Հնագիտության ֆակուլտետի ուսանողները:
Քշիշտոֆ Յակուբյակ– Արշավախմբի համաղեկավար,Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր:
«Մեծամոր» հնավայրում մեր հայ գործընկերների հետ աշխատում ենք 2014 թ-ից, թեև համագործակցության պայմանագիրը լրանում է 2023-ին, բայց շատ անելիքներ դեռ ունենք: Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը ուղարկում ենք Վարշավայի համալսարան հետազոտությունների նպատակով, ինչպես օրինակ ածուխի անալիզ՝ որոշելու անասունների ոսկորների տարիքը, գեոմորֆոլոգիական հետազոտություններ:
Մեծամոր հնավայրի տարածքում հնագիտական պեղումները սկսվել են 1960-ականների սկզբից և ընդհատումներով շարունակվել մինչև օրս: Այստեղից հայտնաբերված հնագիտական նյութերի մի մասը՝ փայտե իրերի հազվագյուտ մնացորդներ, կավամաններ, ոսկյա, արծաթյա և կիսաթանկարժեք քարերից պատրաստված զարդեր, ագաթից պատրաստված բաբելոնյան Ուլամ Բուրարիաշ թագավորի գորտ-կշռաքարը՝սեպագիր արձանագրությամբ, բաբելոնյան մեկ այլ թագավոր Կուրիգալզուին պատկանող եգիպտական արձանագրություններով սարդիոնե կնիքը և այլ բազմաթիվ արժեքավոր գտածոներ մոտ 1000 օրինակ, ցուցադրվում է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում
«Մեծամոր» հնավայրի տարածքում պեղումները կշարունակվեն մոտ մեկ ամիս: Հայ-լեհական արշավախումբը պատրաստվում է նաև քաղաքային բնակատեղիից մոտ մեկ կմ հեռավորությամբ ևս մեկ դամբարան պեղել: