«Միասնական հայրենիք» ՀԿ իր խորին ցավակցությունն է հայտնում պետական նշանավոր պետական և ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ:
Գուրգեն Դալիբալթայանը անգնահատելի ավանդ է ունեցել հայկական երկու հանրապետությունների կայացման և հայոց բանակի կազմավորման ու հզորացման գործում`անջնջելի հետք թողնելով հայ ժողովրդի նորագույն պատմության փառահեղ էջերում:
Պատահական չէ, որ Գուրգեն Դալիբալթայանը Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում եկավ հայրենիք ու զինվորագրվեց ազգային բանակի կազմավորման բարդ և պատասխանատու գործին:
Հատկապես ուզում ենք նշել գեներալ-գնդապետի անուրանալի դերը Շուշիի ազատագրման ռազմական գործողությունների ընթացքում` գլխավորելով հրամանատարական կարևոր կետերից մեկը: Նրան բնորոշ էր ռազմական ու հայրենասիրական անխոնջ ոգին, որը վարակիչ դառնալով նաև իր զինվորներիի համար, նպաստեց Շուշիի ազատագրմանը:
Նրա զինվորական վաստակի գնահատականն են այն բազմաթիվ պետական և գերատեսչական պարգևները, որոնց արժանացել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:
Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը իր զինակից ընկերների և առհասարակ ճանաչողների հիշողության մեջ կմնա որպես նվիրյալ զինվոր, ում համար նահանջի ճանապարհ ուղղակի չկար, համեստ մարդ ու պարզապես ազնիվ քաղաքացի, ով կյանքն ապրեց հայրենիքին ծառայելու անձնվեր առաքելությամբ:
«Միասնական հայրենիք» ՀԿ նախագահ`Վլադիմիր Դավթյան