Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցում անցկացվել է բաց դաս` «Մշակույթի նվաճումները» թեմայով: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Շուշանիկ Հակոբյանը 11-րդ դասարանի աշակերտներին ծանոթացրել է մարզի պատմամշակութային ժառանգությանը` շեշտը դնելով բրոնզեդարյան ժամանակաշրջանի դամբարանադաշտերի, խաչքարերի և այլ հուշարձանների վրա:Նշելով, որ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված է Գեղարքունիքի մարզի 5400 հուշարձան, ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալն առանձնացրել է մի քանի հուշարձան: Շուշանիկ Հակոբյանը մասնավորապես խոսել է Լանջաղբյուր գյուղում գտնվող Պառավի վանքի կամ Իլիկավանքի /պետ. ցուցիչ` 4.38.1.2./ մասին: Դպրոցականները կիսվել են կրոնի ու պատմության դասաժամերից ստացած գիտելիքներով, նաև իրենք ներկայացրել Պառավի վանքի մասին պատմող լեգենդը, որի համաձայն, տարեց կինը ցանկացել է մոմ վառել մի հարուստի եկեղեցում, սակայն, թույլ չեն տվել: Վերջինս վիրավորվել է, իլիկ մանելով գումար հավաքել ու եկեղեցի կառուցել: Այդ պատճառով էլ հուշարձանը Պառավի վանք է կոչվում:
ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալը պատմել է նաև Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող և 15-րդ դարում կառուցված սուրբ Գևորգ մատուռի մասին /պետ.ցուցիչ` 7.4.1.38/:
Դպրոցականները խոսել են նաև 9-13 դարերում կառուցված Հայրավանք /պետ.ցուցիչ` 4.59.1.1/ և 9-րդ դարով թվագրված Սևանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիների /պետ.ցուցիչ` 4.4.18.2/ մասին, կիսվել` ավելի վաղ կատարած էքսկուրսիայի ընթացքում ստացած տպավորություններով: