ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվել է բաց դաս՝ «Տարածաշրջանում գտնվող հուշարձանները և դրանց ներկայիս վիճակը» թեմայով:
ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղեկալ Հայկ Զառահյանն ու դպրոցի Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչ Ա.Մուրադյանը դպրոցի բարձր դասարանների աշակերտներին ներկայացրել են տարածաշրջանի տեղական ու հանրապետական նշանակության հուշարձանները: Դրանք մ.թ.ա. քարե դարից մինչև մեր օրերը թվագրվող քարայր-կացարաններ են, բացօթյա կայաններ, ամրոցներ, դամբարանադաշտեր, եկեղեցիներ, բնակատեղի, գերեզմանատուն:
Դպրոցականների մեծ մասը բաց դասի միջոցով է ծանոթացել հայրենի հուշարձանների պատմական ու մշակութային նշանակությանը: Կազմակերպիչներն աշակերտներին տեղեկություն են տվել նաև հուշարձանների գտնվելու վայրի և կառուցման ժամանակաշրջանի վերաբերյալ: Բաց դասն ամփոփվել է աշակերտների ակտիվ հարցադրումներով, որոնք վերաբերել են այս կամ այն հուշարձանի ստեղծման պատմությանը: