«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ և Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի մասնակցությամբ կրթօջախի մարզադահլիճում տեղի է ունեցել Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան նվիրված «Սպորտի ժառանգությունը» խորագրով միջոցառում: Մինչ միջոցառման մեկնարկը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախի քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակը:
Այնուհետև՝ դպրոցի տնօրեն Ս. Հովհաննիսյանն ու ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետ Կ. Հակոբյանը խոսել են մատաղ սերնդի կրթության և ֆիզիկական դաստիարակության գործում սպորտի դերի և նշանակության մասին: «Հայ ժողովրդական խաղերը որպես պատանիների սոցիալականացման և ռազմահայրենասիրական դաստիարակության գործոն» թեմայով հետաքրքիր զեկույց է ներկայացրել նաև ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության գիտաշխատող Ա. Սեդրակյանը:
Այնուհետև՝ թիմերի բաժանված դպրոցականներն՝ իրենց մարզիչների գլխավորությամբ, ցուցադրել են հին հայկական ավանդական և ժամանակակից մարզաձևեր և պայքարել հաղթելու համար: Ցուցադրական ելութներ են ունեցել նաև դպրոցի պատանի մարզիկները՝ ներկայացնելով արևելյան ոճի մարզաձևեր: Իսկ դպրոցի պարի խմբակի մասնակիցները ներկայացրել են հայկական ռազմա-հայրենասիրական պարեր:
Միջոցառման ավարտին առավել ակտիվ մասնակիցներն արժանացել են ՊՈԱԿ-ի շնորհակալագրերին: ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հետ տարիների համագործակցության և «Սպորտի ժառանգությունը» խորագրով միջոցառման կազմակերպման համար պատվոգրի է արժանացել նաև դպրոցը՝ պատվոգիրը հանձնվել է կրթօջախի տնօրեն Ս. Հովհաննիսյանին: