ԳԱՌՆԻ, ՄԱՏՈՒՌ Ս. ՍԱՐԳԻՍ 6.21.23, ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ՝ 6.21.23.5

ԳԱՌՆԻ, ՄԱՏՈՒՌ Ս. ՍԱՐԳԻՍ 6.21.23, ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ՝ 6.21.23.5

Կոտայքի մարզ, պետ.ցուցիչ` 6.21.23/ 23.1-23.4/, 6.21.23.5:

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Գառնի գյուղից մոտ 2կմ հեռավորության վրա, Երևան – Գառնի մայրուղու ձախակողմյան մասում, բարձրադիր բլրի գագաթին, ծովի մակերևույթից ավելի քան 1470 մ բարձրության վրա: Սբ. Սարգիս մատուռը թվագրվում է XIII, իսկ գերեզմանոցը՝ X-XVIII դարերով: Բլրի գագաթային հատվածի արևմտյան մասում պահպանվել են Սբ. Սարգիս մատուռի ավերակները, շրջապատում նկատելի են կրաշաղախով շարվածքի բեկորներ: Սբ. Սարգիս մատուռի կիսաքանդ պատերի մնացորդները հիմք են տալիս ենթադրելու, որ այն ունեցել է արևելքում բոլորաձև շարվածքով ուղղանկյուն հատակագիծ, որի մուտքն արևմտյան կողմից է: Ներսում կան չորս խաչքարեր` թվագրվում են XIV-XV դարերով: Խաչքարերից երկուսը գտնվում են մուտքի աջ և ձախ կողմերում:

Սբ. Սարգիս մատուռից հարավ և արևելք` բլրալանջին, տարածվում է X-XVIII դարերի գերեզմանոց, որտեղ կանգուն մնացած խաչքարերը մեկ տասնյակից ավելի են, իսկ ընդհանուր խաչքարերի քանակը տարածքում հասնում է 16-ի: 1246թ. արձանագիր խաչքարը գտնվում է մատուռից արևելք: Պատմամշակութային տարածքի հետագա պահպանության նպատակով առանձնացված գոտին զբաղեցնում է 2.0 հա հողատարածք, որից` միայն մատուռին հատկացվածը՝ 0,8 հա:

Օգտագործված գրականություն

1.Հուշարձանի նկարագրական – բնութագրական տեղեկանք:
2. ՊՄՊ ծառայության տեղազննություններ, ուսումնասիրություններ և դիտարկումներ: