Սյունիքի մարզ /պետ. ցուցիչ՝ 8.85.5/:
Տաթևի վանքից հարավ-արևմուտք, համանուն գետի վերին հոսանքի շրջանում, Արամազդ լեռան փեշերին է գտնվում Սվարանց գյուղը: Համաձայն ավանդազրույցի` գյուղի բնակիչները՝ հավատալով XIV դարում Հայաստան ներխուժած Լենկ-Թեմուրի հավաստիացումներին, անձնատուր են լինում: Վերջինս գյուղացիներին ողջ-ողջ թաղել է տալիս և գրավում գյուղը: Տեղեկանալով ոճրագործության մասին` գյուղի քահանան ծխամատյանում ջնջում է բնակավայրի հին անունը և գրում «Սեւ արանց շեն», որից էլ առաջանում է «Սեւարանց» կամ «Սվարանց» անունը: Պահպանվել և մեզ է հասել 1705թ. կառուցված «Հազարափրկիչ» եկեղեցին /պետ. ցուցիչ՝ 8.85.5/: Այն եռանավ բազիլիկ շինություն է, կառուցված սրբատաշ բազալտով: Միակ մուտքը հարավային կողմից է: Մուտքի աջ մասում պահպանվել է վեց տողից բաղկացած արձանագրություն, ուր հիշատակվում է եկեղեցին կառուցողի անունն ու թվականը՝ ՌՃԾԴ «1705թ.», Տ/Ե/Ր ԳԵՎՈՐՔ:
Խորհրդային տարիներին օգտագործվել է որպես պահեստ, ինչի արդյունքում ներսից կրապատվել էին եկեղեցու պատերը, տեղահանվել նրա բակում եղած տապանաքարերը, իսկ արևելյան կողմից կցակառուցվել էր ակումբի շենքը:
2008 թվականին ռուսաստանաբնակ բարերար Վրեժ Գալստյանի նախաձեռնությամբ սկսվեցին եկեղեցու նորոգման աշխատանքները: Սկզբում պեղվեց հուշարձանի տարածքը, հայտնաբերվեցին կղմինդրի, խեցեղենի բեկորներ, զարդանախշ քարեր: Եկեղեցու կրապատ որմերի մաքրման արդյունքում ի հայտ եկան նաև նոր արձանագրություններ: Ուսումնասիրությունների հիման վրա` ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը կազմեց եկեղեցու վերականգման նախագիծը: Շինարարական աշխատանքներին ակտիվորեն մասնակցում էին նաև համագյուղացիները: Վերականգման աշխատանքներն ավարտվեցին 2009թ.:
Օգտագործված գրականություն
1. Ա. Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969 թ.: