ՇԱՏԻՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ

ՇԱՏԻՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ

Պետ.ցուցիչ՝ 9.35.14:

Յուրաքանչյուր վանք իրավամբ քարե մատյան է հայոց պատմության մեջ: Չափազանց մեծ ու հետաքրքրական է Վայոց ձորում գտնվող Շատիվանքի վանական համալիրի ճակատագիրը, որը երկար ժամանակ եղել է ոչ միայն աղոթքի ու հաղորդության վայր, այլև մշակութային ու կրթական նշանակալի կենտրոն, իսկ երկրին սպառնացող վտանգի ժամանակ իր անառիկության շնորհիվ երաշխավորել է ժողովրդի անվտանգությունը: Ցավոք, ոգեշնչման աղբյուր հանդիսացող կառույցը մեր օրերում քանդվելու եզրին է: Անշուշտ, ժամանակն իր ազդեցությունն է թողել վանքի և օժանդակ շինությունների վրա: Շատիվանքը գտնվում է Շատին գյուղից 4կմ արևելք` ձորամիջի բարձրադիր գոգավորության վրա: Համաձայն Ստ. Օրբելյանի վկայության` այն կառուցվել է 929թ. Բագրատունի Աբաս Ա թագավորի գահակալության շրջանում: Բաղկացած է եկեղեցուց և վանական միաբանության բնակելի ու այլ շինություններից, որոնք հետագա նորոգումների հետևանքով կորցրել են իրենց նախնական տեսքը: 1671-1674թթ. ընթացքում եկեղեցին վերակառուցվել է ջուղայեցի գրասեր վաճառական Մահտեսի Հակոբի ջանքերով: Եռանավ բազիլիկ եկեղեցի է` իր բոլոր հատկանշական կառույցներով: Ունի երեք մուտք, 8 լուսամուտ: Եկեղեցու արևմտյան մասում պահպանվել են գավթի հետքեր: Պատերի մեջ վերանորոգումների ժամանակ օգտագործել են հին շենքի սրբատաշ քարեր, խաչքարեր, ներսից՝ փոքր, անտաշ քարեր: Խորանը ժամանակին սվաղվել է և վրան արվել են որմնանկարներ: Որմնանկարներից մեկի նկարի մի մասն է պահպանվել: Վանքի ընդարձակ բակը տեղ-տեղ շրջապատված է բրգաձև պարսպով, որի հարավային հատվածում պահպանվել են վանական համալիրի օժանդակ շենքեր: 35 բնակելի և այլ երկհարկ շենքեր տարածված են հարավային պարսպի ողջ երկայնքով: Պարսպից դուրս են գտնվում իր կառուցման ինքնատիպությամբ աչքի ընկնող ջրաղացի ավերակները: Շատինի վանքը Վայոց ձորի երկարատև կյանք ունեցող վանքերից է: Մեծածավալ շենքերի քանակը ցույց է տալիս նրա միաբանության մեծությունը և տնտեսական հզորությունը: Ինչպես նշեցինք, եղել է Սյունիքի կրթական խոշոր կենտրոններից և XVII դարում ունեցել է 70-90 հոգանոց միաբանություն, դպրոց, գրատուն, որոնք էլ հիմք են հանդիսացել վանքի առաջնորդ տեր Սարգսի համար` կառուցելու այսպես կոչված Ծատուրի կամուրջը, որից այսօր պահպանվել է այդ յուրատիպ կառույցի ընդամենը մի մասը: Շատիվանքի համալիրը գտնվում է կիսավեր վիճակում: Ծածկի սալաքարերը թափվել ու խախտվել են, տանիքի առանձին մասեր դարձել՝ վտանգավոր: Վանքի շրջակայքում նկատելի են թափված քարեր:

Դժբախտաբար, վանական համալիրի վերականգնման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում, իսկ այս տարվա գարնանը բրգաձև պարսպի մի հատվածը փլուզվել է:

Հավատացած ենք, որ օրերից մի օր պատմական նշանակության վանական համալիրը կվերականգնի իր երբեմնի վեհությունը` վերստին դառնալով ազգային ոգեշնչման ինքնատիպ միջավայր: