Վանական ինքնատիպ համալիրների ու խաչքարերի երկիր՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանը դարեր շարունակ Կովկասում եղել է քրիստոնեության օրրանը: Անթիվ քրիստոնյաներ են այստեղ զոհել իրենց կյանքը՝ բյուզանդացիների, մասքութների ու արաբների հետ զինված բախումների ընթացքում, և երբ թշնամին հարկադրված նահանջել է, կրկին վեր են խոյացել նոր եկեղեցիներ, վանական համալիրներ ու մենաստաններ: Այդպես է եղել նաև X դարում՝ միջնադարյան հայկական ճարտարապետության վերածննդի ժամանակաշրջանում:
Միջնադարի ճարտարապետության անգին գոհարներից մեկն է Սանահինի վանական համալիրը /պետ. ցուցիչ` 5.2.33/, որը միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն է եղել Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառում, այժմ՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամաս (նախկին Սանահին գյուղ)՝ Դեբեդ գետի աջափնյա բարձունքին: Այստեղ կրթություն են ստացել և բեղմնավոր գործունեություն ծավալել ժամանակի բազմաթիվ նշանավոր մարդիկ՝ գիտնականներ, փիլիսոփաներ, բանաստեղծներ, աստվածաբաններ, որմնանկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ և այլք: Հայկական բարձրարժեք ճարտարապետության խոսուն վկան մի քանի հարյուր արձանագրություններ է մեզ փոխանցում:
Սանահինը հայկական միջնադարյան ճարտարապետությամբ հիանալու հրաշալի հնարավորություն է: Եթե որոշել եք թափանցել մեր խորհրդավոր երկրի պատմության խորքերը, ապա անպայման պետք է տեսնեք Սանահինի խիստ ու դյութիչ ճարտարապետությունը, որը հարուստ է բացառիկ զարդաքանդակներով: Վանական հսկա համալիրը կազմված է պաշտամունքային և քաղաքացիական բազմաթիվ հոյակերտ շինություններից, այդ է պատճառը, որ դրա կառուցումը տևել է մոտ 300 տարի:
19-րդ դարի հեղինակներից մեկը մի հետաքրքիր տեղեկություն է տալիս Սանահինի հիմնադրման ժամանակաշրջանի վերաբերյալ: Նա գրում է, որ ըստ ավանդության վանքի եկեղեցիներից մեկը հիմնադրվել է 4-րդ դարում, նույնիսկ պահպանվել են այդ կառույցի ավերակները: Սա նշանակում է, որ Սանահինը կարող է ավելի հին լինել և ունենալ ոչ թե 1100 տարվա, այլ 1700 տարվա պատմություն: Թեև սա ոչ մի գիտական հիմնավորում չունի: Բայց ով գիտի…
Համալիրը կազմված է երեք եկեղեցիներից, գրատուն-մատենադարանից, նախագավթից, գավթից, զանգակատնից, դամբարանից և հոգևոր դպրոցից:
Սանահինի հուշարձանախմբից դուրս գտնվում են գեղաքանդակ խաչքարերով մի շարք փոքր եկեղեցիներ, վանքի աղբյուրը, ինչպես նաև Սանահինի հանրահայտ կամուրջը: Համալիրի որոշ կառույցներ պահպանվել են մասամբ, մի քանիսն էլ ավերվել են: Այս վանական համալիրը շատ կարևոր դեր է կատարել հայ հոգևոր ու մշակութային կյանքում: Լինելով միջնադարյան Հայաստանի գիտակրթական նշանավոր կենտրոններից մեկը` այն ունեցել է իր ճեմարանն ու մատենադարանը, այնուհետև`համալսարանն ու ակադեմիան:
Վանական համալիրը Սանահին անունը ստացել է Հաղպատի վանքի կառուցումից հետո, երբ Սանահինից նայել են Հաղպատին ու ասել՝ սա նրանից ավելի հին է. Ս Ա Ն Ա Հ Ի Ն: Բավական է մեկ անգամ տեսնել Սանահինը ու հետո այն՝ կարծես մի անտեսանելի ուժով, անընդհատ ձգելու է դեպի իրեն, դեպի Հայաստանի այդ գողտրիկ անկյունը:
2000թ-ից Սանահինի վանական համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: