Երևան համայնք, պետ․ ցուցիչ` 1.6.137:
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրաքննադատ, մշակութային գործիչ:
«Ես իմ անուշ Հայաստանի»-ն․․․ մեր այսօրվա աղոթքն է։ Աղոթք, որը կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն։ Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի կենսագրության և վարքի արտացոլումն է, մեր կրած տառապանքների ու վերելքների, արհավիրքների ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է»։
Մ․ Սարյան
Եղիշե Չարենցը (Սողոմոնյան) ծնվել է Մակուից Կարս գաղթած գորգավաճառ Աբգար աղայի ընտանիքում: Սովորել է Կարսի հայկական, ապա՝ ռուսական ռեալական դպրոցներում (1908-1912թթ․)։ 1916–1917թթ․ ուսումը շարունակել է Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում։ 1922թ. իբրև ունկնդիր ընդունվել է Մոսկվայի Վալերի Բրյուսովի ղեկավարած բարձրագույն գրական-գեղարվեստական ինստիտուտը, սակայն ուսումը կիսատ է թողել: Առաջին աշխարհամարտի տարիներին (1915թ.) անդամագրվել է կամավորական ջոկատին և մասնակցելով ռազմական գործողություններին՝ հասել մինչև Վանի մատույցներ։ Ռազմական գործողությունների անմիջական տպավորությունների ծնունդ է «Դանթեական առասպել» պոեմը (1916թ.): 1921թ․ իր մարտական մկրտությունը շարունակել է Ղամարլուի ճակատում: 1920թ. աշխատանքի է անցել Խորհրդային Հայաստանի լուսժողկոմատում՝ զբաղեցնելով արվեստի բաժնի վարիչի պաշտոնը:
1922թ․ Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու մասնակցությամբ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը:
1928-1935թթ․ աշխատանքի է անցել Հայպետհրատում։ Հեղինակի գեղարվեստական մտքի անկրկնելիությունն առավել ցայտուն է դրսևորվել պոեմի ժանրում՝ «Դանթեական առասպել» (1915-1916թթ․), «Ամբոխները խելագարված» (1918թ․), «Դեպի լյառը Մասիս» (1933թ․)։ Չարենցի ստեղծագործական ներշնչանքի արգասիքն էր «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, ինչպես նաև մեծանուն երգահան Կոմիտասի հիշատակին նվիրված «Հավերժական հանգիստ» պոեմը։
1935-1937թթ.-ին Չարենցն ապրել է ստեղծագործական գործունեության ամենաբարդ փուլը` ենթարկվելով քաղաքական հալածանքների։ 1937թ. հուլիսին անհիմն բռնադատվել է և նույն թվականի նոյեմբերի 27-ին մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Հետագայում մեծանուն գրողը արդարացվել է:
Չարենցի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1985թ․ հոկտեմբերի 9-ին Օղակաձև զբոսայգում «Էրեբունի-Երևան» տոնակատարության ժամանակ։ Հուշարձանը բազմակերպար կառույց է, որի մի կողմից բխում է 40 աղբյուր (Չարենցի ապրած տարիները), իսկ մյուս կողմից վեր է խոյանում հավերժական կրակով հուշասյունը, որի վրա փորագրված է հեղինակի հրաշունչ բանաստեղծության հետևյալ տողը. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական…»։
Չարենցի բրոնզաձույլ արձանի բարձրությունը կազմում է 18,5մ, որի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է, քանդակագործը՝ Նիկողայոս Նիկողոսյանը։
Օգտագործված գրականություն
1. Խանջյան Ա., Երևանի արձանները, Եր., 2004:
2. http://www.encyclopedia.am/pages.php?hId=1499