Արցախի Շուշի քաղաքի կենտրոնում է գտնվում Ագուլեցոց սբ. Ամենափրկիչ եկեղեցին: Ըստ եկեղեցու անվանման` այն կառուցել են Ագուլիսից ներգաղթածները: Մինչև Ղազանչեցոց եկեղեցու կառուցումը այս եկեղեցին համարվել է քաղաքի ամենամեծ եկեղեցին, որի համար էլ կոչվել է «ավագ»: Կառուցված է չորս վայելչակերտ սյուների վրա, ունի պարագծային աստիճանավոր պատվանդան, արտաքուստ` ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև գմբեթավոր հորինվածք, իսկ ավագ խորանի երկու կողմերում ավանդատները երկհարկանի են, որոնց մուտքերը բեմի կողմից են: Երկթեք տանիքը ծածկված է սրբատաշ քարով,որի վրա բարձրանում են երեք զանգակատները: Դրանցից ամենամեծը տեղադրված էր եկեղեցու տանիքի կենտրոնում, իսկ մյուսները` արևելյան և արևմտյան ծայրերին, ճիշտ այնպես, ինչպես Ամարասի եկեղեցին է եղել XVI դարում: Այժմ չեն պահպանվել ինչպես այդ, այնպես էլ եկեղեցու արևմտյան պատին կից կառուցված եռահարկ զանգակատունը:
Հուշարձանի հարավային դռան ճակատակալ քարի վրա պահպանվել է եկեղեցու շինարարական ընդարձակ արձանագրությունը. «Կամաւն Աստուծոյ, Ս. Աստուածածնայ, աւագ եկեղեցիս կառուցին արդեամբք և ծախիւք իւրեանց իշխանք ազնուազգի հարազատ աղայք Զօհրապ Յովհանջան, Մարկոս և Բաբա տէր Մաթեոսեան Թառումեանց… ի 1822 ամի Տեառն»:
Ագուլեցոց սբ. Ամենափրկիչ եկեղեցին զգալիորեն նպաստել է քաղաքի կենտրոնի ձևավորմանը, որի շրջակայքում կառուցվել է Ղազանչեցոց եկեղեցին, Խանդամիրյանի 350 տեղանոց հանդիսասրահ ունեցող թատրոնը, եռահարկ ակումբը, քաղաքային պուրակը, ուսումնական և առևտրական բնույթի մի շարք գեղեցիկ շենքեր: Այդ ամենի շնորհիվ կենտրոնը դարձել է հասարակական մեծ հավաքույթների վայր:
Պաշտամունքային և առևտրա-հասարակական այս կենտրոնի քաղաքաշինական նկարագիրը լրացրել են հրապարակամերձ զբոսայգին, քարաշեն աղբյուրները, սալահատակ փողոցները: Կենտրոնի բոլոր շենքերը կառուցված են եղել կաթնագույն կրաքարից` հայ ճարտարապետությանը բնորոշ կամարային մոտիվներով:
Ուշադրության արժանի հուշարձան է նաև Շուշիում գտնվող Մեղրեցոց եկեղեցին` կառուցված գրեթե նույն սկզբունքներով, ինչպես Ագուլեցոց եկեղեցին: Այն կառուցել են մեղրեցի ներգաղթյալները: Արձանագրություններում հիշատակված է որպես սբ. Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի, որը կառուցվել է Մահտեսի Հախումյանցի ծախսերով` 1833 թվականին:
Աղոթասրահը ունեցել է ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք։ Թաղակապ կամարները հանգել են սրահի կենտրոնում բարձրացված չորս սյուների և երկայնական պատերի երեք զույգ որմնասյուների վրա: Երբեմնի ճարտարապետական համալիրը 1960-ական թվականներին քանդվել, հարմարեցվել և վերածվել է ամառային բացօթյա կինոթատրոնի: Եկեղեցու արևելյան պատը` մեծ ու փոքր աբսիդներով, պահպանվում է: