ՀԱՌԻՃԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՀԱՌԻՃԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

2012-03-01T19:08:33+00:00 01/02/2012|Շիրակի Հուշարձաններ|

ՀԱՌԻՃԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Շիրակի մարզ
գ. Հառիճ
պետ. ցուցիչ N 7.63.18.3

VII-XIII դդ. դարերով թվագրվող այս վանական համալիրը գտնվում է  Հառիճ գյուղում: Համալիրի հնագույն հիշատակությունը Մխիթար Անեցունն է (XIII դ.): Հառիճավանքի կազմում են մինչև XIII դ. կառուցված Ս. Գրիգոր և Ս. Աստվածածին եկեղեցիները, գրատուն-դպրատունը (կիսավեր) և երկու մատուռ: Համալիրի հնագույն հուշարձաններն են Ս. Գրիգոր եկեղեցին և «Ճգնավորի մատուռը»:

Ս. Գրիգոր եկեղեցի – VI-VII դդ. բնորոշ  կառույց է, կենտրոնագմբեթ, խաչաձև հատակագծով, որը հարավարևելյան կողմից ունի ուղղանկյուն ավանդատուն: Եկեղեցին բազմիցս ենթարկվել է վերանորոգումների, որի ընթացքում գմբեթը կորցրել է իր նախնական  ձևը:

Հետագայում (հավանաբար XII դ.) եկեղեցուն հարավարևմուտքից կցված ավանդատան վրա   Սարգիս Ճոնը բարձրացրել է 2-րդ հարկի մատուռը:

Ս. Աստվածածին եկեղեցի – XII դ. վերջին Զաքարե ամիրսպասալարը գնելով  Հառիճն ու շրջակա հողերը սկսել է եկեղեցու շինարարությունը:  Ըստ շինարարական արձանագրության եկեղեցու կառուցումը ավարտվել է 1201-ին. այդ ժամանակ կառուցվել է նաև պարիսպը, որից մի փոքր հատված` կամարակապ մուտքով, պահպանվել է վանքի արևելյան մասում: Եկեղեցին  գմբեթավոր դահլիճների տիպի կառույց է: Արևմտյան  կողմի 2-րդ հարկի ավանդատները փոխարինված են  հայկական ճարտարապետության մեջ եզակի հանդիպող սյունազարդ օթյակներով: Եկեղեցու հովհարաձև վեղարով գմբեթը մշակման նոր աստիճանի է հասցված քանդակազարդ վարդյակների շնորհիվ, որոնք յուրահատուկ գոտի են ստեղծում գմբեթի շուրջը: Հուշարձանի գեղազարդման արվեստում  ուշագրավ է արևելյան ճակատի հորինվածքում Զաքարե և Իվանե եղբայրների կտիտորական հարթաքանդակը:

Գավիթ –  կից է Ս. Աստվածածին եկեղեցուն արևմուտքից և իր մեջ է առնում Ս. Գրիգոր եկեղեցու խորանը: Այն  կառուցվել է մինչև 1224 թ. Վահրամ Հեճուպ իշխանի կողմից և պատկանում է քառախորան գավիթների տիպին:

Երկրորդ կամ փոքր գավիթ – գտնվում է Ս. Գրիգոր եկեղեցու հարավային կողմում և հավանաբար կառուցվել է XII-XIII դդ.: Այս հուշարձանից մեր օրերն է հասել  շինության միայն հյուսիսարևմտյան մասը` մեկ սյունով և հյուսիսային ու արևմտյան պատերին կից մեկական կիսասյուներով:

Դպրատուն-գրատուն – Ս.Գրիգոր եկեղեցու հարավարևելյան կողմում պահպանվել է վանքի դպրատան քառասյուն գավիթների տիպի կառույցի հյուսիսարևմտյան փոքր հատվածը: Եղել է գրչության ու մանրանկարչության կենտրոն: Այստեղ գրվել և ծաղկվել են մի շարք ձեռագրեր, որոնցից առավել հայտնի են 1209 և 1212 թթ. երկու ձեռագրերը: Դրանցից առաջինը կազմել և ծաղկել է գրիչ Մարգարեն:

«Ճգնավորի մատուռ» – գտնվում է համալիրի  հարավարևմտյան մասում, ժայռաբեկորի վրա: Ժամանակի ընթացքում ժայռաբեկորի հետ միասին անջատվել է տարածքից և թեքվել դեպի ձորը: Ունի ուղղանկյուն հատակագիծ, թաղածածկ երկլանջ կտուր, որի միակ մուտքը հյուսիսից է:

Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Հառիճավանքն ավերվել է XI դ. սելջուկյան  արշավանքների ժամանակ և նորոգվել XII դ. Գրիգոր առաջնորդի կողմից:        Նման աշխատանքներ է  կատարել նաև 1850 թ. Գյումրիում ստեղծված «Հառիճի» ընկերությունը: 1850-81-ին հուշարձանախմբից հյուսիս` ավերված պարսպի տեղում կառուցվել է ուսումնարան, մառան-խոհանոց, ննջարան, սեղանատուն և տնտեսական շինություն: Հետագայում ուսումնարանի շենքի վրա ավելացվել է 2-րդ հարկ` որպես վեհարան, իսկ տնտեսական շինության վրա` ժառանգավորաց դպրոցը: 1883-84-ին կառուցվել է  համալիրի 2-րդ կամարակապ դարպասը` կից կրկնահարկ շինությամբ: 1892-ին Ս.Գրիգոր եկեղեցուն արևելքից կցվել է զանգակատուն: 1893 թ. կառուցվել է ձորամիջի կամուրջը, որով և ավարտվել է ընկերության շինարարական գործունեությունը:

Հառիճավանքը 1995-1999 թթ. ընթացքում մասնակիորեն վերանորոգվել է նաև արգենտինահայ բարերար Էդուարդո  Սեֆերյանի միջոցներով: 2005-2006 թթ. այստեղ կատարվել են նաև վերանորոգման աշխատանքներ Դավիթ Վարաքյանի նախաձեռնությամբ:  Հառիճավանքը այժմ գործող է, ուր 2010 թ. վերանորոգման աշխատանքներ են կատարվում Մայր Աթոռ Ս.Էջմիածնի հովանավորությամբ:

Հուշարձանի վերաբերյալ հիմնական գրականությունը.

Ա.Ջալալյան , Հառիճի հուշարձանախումբը, «ԼՀԳ, 1986,  N 2:

О. Халпахчьян, Архитектурные ансамбли Армении 8 в. до н.э.- 19 в. н.э., М., 1980: