Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել Տավուշի մարզում։ Բանակ –կրթություն-մշակույթ եռակողմ համաձայնագրի շրջանակում անցկացված միջոցառումներին մասնակցել են մարզի ուսումնական հաստատություններ, թանգարաններ, մշակութային այլ կազմակերպություններ, տարբեր համայնքների բնակիչներ, զինծառայողներ: Մաքրվել ու բարեկարգվել են մարզի հուշարձանների տարածքները։
Բերդ քաղաքում ներկայացվել է «Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» խորագրով լուսանկարների ցուցադրություն։ Բերդի պետական քոլեջի ուսանողների համար կազմակերպվել է «Հայրենի հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանումը բոլորիս սրբազան պարտքն է» թեմայով բաց դաս, որը վարել է ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության պետի տեղակալ Ռաֆիկ Մուրադյանը:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը թանգարանի բազմաթիվ այցելուներ հնարավորություն են ունեցել դիտելու նաև Տավուշի ստեղծագործողներ Արտուշ Հարությունյանի հայրենի հուշարձաններին նվիրված ցուցադրությունը, Միշա Հովհաննիսյանի գծանկարները, Ավետիք Արզումանյանի հարթաքանդակներն ու յուղանկարները, Լեսինգ Աղաքարյանի գեղանկարները։ Ցուցադրվել են նաև պատմական Անիի և Բերդի տարածաշրջանի հուշարձանների լուանկարները։ Միջոցառուների շարքն ավարտվել է թանգարանի տարածքում իրականացված ծառատունկով, որին մասնակցել են ուսանողներ և դպրոցականներ։