ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ՊԱՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏ» ԽՄԲԱԿԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ՊԱՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱԳԵՏ» ԽՄԲԱԿԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

2018-03-29T16:01:16+00:00 25/04/2017|Երեվան, Լրահոս|

Ամփոփվել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ անցկացված «Պատանի թանգարանագետ» խմբակի դասընթացները։ Մի քանի ամիս տևած խմբակի դասընթացներն Արմավիրի մարզի ավելի քան 100 աշակերտների հնարավորություն են տվել ծանոթանալու Հայաստանի և այլ երկրների բազմաթիվ հայտնի թանգարանների գործունեությանն ու հավաքածուներին։ Դասընթացի կարևոր նպատակներից էր ակտիվացնել պատանիների այցելությունները թանգարաններ։

Դասընթացներն անցկացրել են ՀՊՄՀ թանգարանագիտության բաժնի ուսանողները: Նրանք դպրոցականներին ծանոթացրել են նաև թանգարանային հավաքածու ստեղծելու հմտություններին, միասին կազմել ու ներկայացրել տվյալ տարածաշրջանին հատուկ թանգարանային հավաքածուներ։

«Պատանի թանգարանագետ» խմբակի դասընթացների ամփոփմանը ներկա են եղել կազմակերպիչները՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ֆոնդերի գծով տեղակալ, ՀՊՄՀ թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս Լիաննա Գևորգյանը, ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի առաջատար մասնագետ Սերոբ Հունանյանը, ՀՊՄՀ թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը։ Խմբակի վերջին դասին ներկա են եղել նաև դասընթացի մասնակիցների ծնողներ։

Ալվարդ Գրիգորյանը խոսել է թանգարանագետի մասնագիտության առանձնահատկության ու գրավչության մասին, իսկ Լիաննա Գևորգյանը, աշակարտներին լսելուց հետո, ավելացրել է, որ նախաձեռնությունն առաջին անգամ էր և, բնականաբար, կարող էին լինել նաև բացթողումներ, նա վստահեցրել է, որ կազմակերպիչները հաշվի կառնեն դրանք` հետագայում շտկելու և դասընթացներն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Իրենց հերթին աշակերտներից շատերն էլ նշել են, որ «Պատանի թանգարանագետ» խմբակի դասընթացները ոչ միայն թանգարաններին ծանոթանալու հրաշալի առիթ էին, այլև ապագա մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվելու հնարավորություն:

Հաշվի առնելով աշակերտների ակտիվ մասնակցությունն ու մեծ հետաքրքրությունը` կազմակերպիչները նշել են, որ մտադիր են շարունակեու դասընթացների անցկացումը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել «Պատանի թանգարանագետ» խմբակի դասընթացների մասնակիցների համար կազմակերպել էքսկուրսիա «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններ։