«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ «Պատանի թանգարանագետ» խմբակի ավելի քան 100 անդամների համար կազմակերպվել է էքսկուրսիա ԵՊՄՀ թանգարան և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան։
«Պատանի թանգարանագետ»-ները շրջել են ԵՊՄՀ թանգարանում, ծանոթացել բուհի պատմությանը, դասավանդվող մասնագիտություններին։ Աշակերտները հնարավորություն են ունեցել հանդիպելու համալսարանի դասախոսներին, որոնց թվում են եղել նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, ԵՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, ՊՈԱԿ-ի տնօրենի` ֆոնդերի գծով տեղակալ Լիաննա Գևորգյանը, ԵՊՄՀ թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը:
Ողջունելով պատանիներին` Աշոտ Փիլիպոսյանը նշել է. «Լավ է, երբ մարդը սկսում է գնահատել մշակութային արժեքները՝ ծանոթանալով մարդու ձեռքով պատրաստված առարկաներին: Մարդը ժամանակի ընթացքում հասկացավ, որ այդ արժեքները պետք է պահել, իսկ ավելի ուշ դրանք դարձան մի հավաքածու, որը տեղ գտավ տարբեր թանգարաններում։ Ուրախ եմ տեսնել, որ տեխնիկայի այս դարում կան երիտասարդներ, որոնք հետաքրքրված են ժողովրդի մշակութային արժեքները ներկայացնող թանգարաններով։ Թանգարանը քաղցր «ճահիճ» է, կուզեինք, որ դուք ևս ընկղմվեիք այդ «ճահճի» մեջ և վարակվեիք մեր մշակույթը պահպանելու նվիրումով»:
Հանդիպման ավարտին աշակերտներին տրվեցին մասնակցության վկայագրեր, իսկ կազմակերպիչներին` հավաստագրեր։
«Պատանի թանգարանագետների» էքսկուրսիան ավարտվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ հմուտ էքսկուրսավարները պատանիներին ներկայացրել են մայրաքաղաքից 28 կմ արևելք, Կոտայքի մարզի համանուն գյուղի հարավ-արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում գտնվող Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունները և հարակից տնտեսական կառույցները, Ս. Սիոն եկեղեցին (VII դ.) և կից մատուռի ավերակները, սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հունարեն արձանագրությամբ քարը և այլն:
«Պատանի թանգարանագետ»-ները և նրանց ուղեկցող ուսուցիչներն ու ծնողներն ասել են, որ տուն են վերադառնում հարուստ տպավորություններով։