«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցել է նաև ՊՄՊ Շիրակի մարզային ծառայությունը՝ սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելով մի շարք գյուղերում և քաղաքներում գտնվող հուշարձանների տարածքներում։
Ծառայության աշխատակիցների, դպրոցականների, մարզի բազմաթիվ բնակիչների մասնակցությամբ մաքրվել են Բենիամին, Հառիճ, Հոռոմ, Աշոցք համայնքների, Արթիկ և Գյումրի քաղաքների 13 պատմամշակութային հուշարձանների տարածքներ։
Մաքրման աշխատանքներին զուգահեռ` մարզային ծառայության պետ Վալեր Նազարեթեյանը բաց դաս-զեկույցով անդրադարձել է հուշարձանների պահպանությանը, կարևորել դրանց ոչ միան անխաթար պահպանությունն, այլև մաքուր պահելու խնդիրը. «Մարզային ծառայությունը պարբերաբար իրականացնում է մաքրման և աղբահանության աշխատանքներ, սակայն այս համապետական շաբաթօրյակն իր տեսակի մեջ եզակի է թե՛ մեծ թվով մասնակիցների, թե՛ աշխարհագրական ընդգրկվածության առումով»: Վ. Նազարեթեյանի խոսքով` նմանօրինակ նախաձեռնությունները պետք է շարունակական բնույթ կրեն, և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներդրումն ունենա պատմամշակութային հուշարձանների անխաթար պահպանության ու մաքրության գործում, ինչն անչափ կարևոր է նաև զբոսաշրջության զարգացման համար: