ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿԻ

ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿԻ

Հունիսի 1-ը ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը համախմբել էր փոքրիկներին, նաև` կարճ ժամանակով մանուկների մոլորակում հայտնվելու ցանկություն ունեցող մեծերին: 7-րդ դարի տաճարի հարակից տարածքում, տանտիրոջ իրավունքով, հաստատվել էին փոքրիկ ու չարաճճի էակները` իրենց խինդ ու ծիծաղով համակելով ամենքին։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն արել էր հնարավորը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում հեքիաթային մթնոլոտ ստեղծելու համար։ Դեպի տաճար տանող ճեմուղին վերածվել էր մեծ ցուցասրահի: Նկարակալների վրա ներկայացվել էին Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները։

Փոքրիկ հրաշամանուկները նաև տոնական համերգային միջոցառման «տերերն» էին: «Զվարթնոց» տաճարի հարթակում տոնական բարձր տրամադրությունն ապահովում էին հենց երեխաները: Ելույթներով հանդես են եկել Էջմիածին քաղաքի Հայորդաց տան, «Սոֆի Դևոյան» մշակույթի կենտրոնի Էջմիածնի մասնաճյուղի, Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատի, Մակար Եկմալյանի անվան թիվ 1 և Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցների սաները։

Մինչ տաճարի հարթակում երաժշտական կատարումներ էին հնչում, արգելոց-թանգարանի տարածքում հավաքված բազմաթիվ փոքրիկներին հրաշքներ գործող ուրախ ծաղրածուն ու հեքիաթների հերոսները անակնկալներ էին մատուցում. զվարճալի խաղեր, պաղպաղակի հյուրասիրություն և այլն։

Ուրախ տոնախմբության վերածված միջոցառումը մանկության զարմանահրաշ աշխարհ էր տեղափոխել նաև մեծերին:

Միջոցառման ավարտին մասնակիցներին ՊՈԱԿ-ի տնօրենության անունից շնորհակալագրեր հանձնվեցին