ՊՄՊ Լոռու մարզային ծառայության նախաձեռնությամբ Ալավերդու քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ համատեղ մաքրվել և բարեկարգվել է Ակներ համայնքում գտնվող եկեղեցու (պետ․ ցուցիչ՝ 5․2․1․3) տարածքը։ Եկեղեցին, որը 1863 թ.-ին կառուցել է իշխանուհի Արղությանը, այսօր, ցավոք, արդեն խոնարհված է ու ծածկ չունի: Հատուկ տեխնիկայով մաքրվել է եկեղեցու ներսում աճած ու չորացած բուսածածկը, ապա` հուշարձանի տարածքից տեղափոխվել աղբը։
Սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել նույն համայնքում գտնվող Երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձանի (պետ․ ցուցիչ՝ 5․2․1․12) տարածքում։ Այդ աշխատանքներին մասնակցել են Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցներ։
Շնողի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի և ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետի տեղակալ Կարեն Յոլչինյանի մասնակցությամբ մաքրվել ու բարեկարգվել է նաև Շնողում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու (պետ․ ցուցիչ՝ 5․88․2․5) տարածքը։