ԳԱՌՆԻՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ԳԱՌՆԻՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Գիշերային գեղարվեստական լուսավորությամբ, երեկ «Գառնի» տաճարի պատերի ներքո, մեկ ժամից ավելի հոգևոր երաժշտություն էր հնչում: Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռ. Մլքեյան) համերգն էր: Այն նախաձեռնել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծաայություն» ՊՈԱԿ-ը:

Կամերային երգչախմբի հիասքանչ կատարումը տպավորել էր օտարերկրացի զբոսաշրջիկներին, նաև մեր հայրենակիցներին: Նրանց խոսքերով խորհրդանշական ու շատ տպավորիչ է Կոմիտաս լսել պատմական հուշարձանի տարածքում` գիշերային լուսավորության ֆոնին:
ԱՄՆ-ից ժամանած Լյուսի Նազարյանը Հայաստանում, նաև Գառնիում հաճախ է լինում: Երեկ, սակայն, նրան տաճար էր բերել անցկացվող միջոցառումը` երգչախմբի երկրպագուներից է: ԱՄՆ-ից ժամանած մեկ այլ հայրենակցի` Գրիգոր Նազարյանի խոսքով հրաշալի գաղափար է Գառնիում հոգևոր համերգ կազմակերպելը: Մեր հայրենակիցը 1990-ականներին Հայաստան համահայկական հիմնադրամի լիազոր ներկայացուցիչն էր Գյումրիում: Նա կիսվել է այդ տարիների հիշողություններով` պատմել Ռ. Մլքեյանի ղեկավարած Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Գյումրիի կամերային երգչախմբի հաջողությունների մասին:

Միջոցառումը տպավորել էր նաև համերգին մասնակցելու համար Երևանից Գառնի հասած Մոնիկա Գրիգորյանին ու Սվետլաննա Հակոբյանին: Նրանց համոզմամբ, նախաձեռնությունը նաև կրթական նշանակություն ունի: Երիտասարդ սերունդը ծանոթանում է իր հոգևոր արժեքներին, գնահատում իր պատմությունը, ազգային հարուստ ժառանգությունը:

Նախաձեռնության ու համերգի մասին իր տպավորություններով է կիսվել նաև Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը: Ռոբերտ Մլքեյանը հրաշալի է համարել տաճարի պատերի ներքո հոգևոր երաժշտության հնչեցնելու գաղափարը: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը վերհիշել է շուրջ 12 տարի առաջ «Գառնի» տաճարի դիմաց անցկացված շքեղ համերգը, որին մասնակցում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Ռ. Մլքեյանը չի չբացառել նաև նմանօրինակ միջոցառման անցկացումը նաև «Զվարթնոց» պատմամշակութային-արգելոց-թանգարանի տարածքում: