ՊՈԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է ՆՈՐ ՓՈՒԼ

ՊՈԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է ՆՈՐ ՓՈՒԼ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և միջազգային գործընկեր կառույցների հետ տարիների արդյունավետ համագործակցությունը  զարգացման նոր փուլ է թևակոխում։ ՊՈԱԿ-ի և Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում հայ և լեհ հնագետները հինգերորդ տարին է պեղումներ են իրականացնում Մեծամոր հնավայրի տարածքում:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով հնագիտական աշխատանքներն արգելոց-թանգարանի տարածքում մեկնարկել են:

Հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, բարձր գնահատելով  գործակցությունը,  հպարտությամբ է խոսում ձեռբքերումների մասին: Նրա փոխանցմամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շնորհիվ  Հայաստանում արդեն հայ-լեհական երկու արշավախումբ է գործում։

Հնագիտական արշավախմբի հայկական խմբի պատասխանատուն համոզված է, որ այս տարվա պեղումների արդյունքում նույնքան հետաքրքիր բացահայտումներ կարվեն, որքան նախորդ տարիներին: Արշավախմբի լեհ համաղեկավարը Վարշավայի համալսարանի հնագիտության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ  Յակուբյակն է:

«Հույս ունեմ, որ այս տարի ևս շատ հետաքրքիր նյութեր կունենանք և մեկ քայլ առաջ կտանենք Հայաստանի վաղագույն շրջանի պատմության ու մշակույթի ուսումնասիրությունը, առավել ևս որ ամենաբարդ խնդիրները, հատկապես կապված ածխածնային և այլ նյութերի լաբորատոր հետազոտության հետ, լեհական կողմի ֆինանսավորմամբ իրականացվում է արտասահմանում»,-ավելացնում է Աշոտ Փիլիպոսյանը։

Ի դեպ` հայ-լեհական համատեղ պեղումները  նաև նշանավորվել են Երևանում և Վարշավայում անցկացված գիտաժողովներով։ 2016թ.-ի հունիսին Վարշավայում կազմակերպվել է գիտաժողով, իսկ Լեհաստանի Մռոնգովո քաղաքի Երկրագիտական թանգարանում բացվել` Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը նվիրված` «Հայաստանի հնագիտական ժառանգությունը» թեմայով ցուցահանդես (կազմակերպիչներ`

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտ, «Էթնոս» գիտական հետազոտությունների կենտրոն):

ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղարի խոսքով  2016 թ.-ին Վարշավայում հրատարակվել է «Միջերկրածովյան հնագիտություն» ժողովածուն, որում  եղել է նաև Մեծամորին  նվիրված  գիտական հոդված։ Արդյունավետ համարելով  տարիների համագործակցությունը` Ա. Փիլիպոսյանը առանձնացնում է նաև գիտական աշխատանքներին հատկացված լեհական կողմի ֆինանսական աջակցությունը։

ՊՈԱԿ-ի չորս աշխատակիցներ`Տիգրան Զաքյանը, Հասմիկ Սիմոնյանը, Մենուա Գևորգյանը և Ներսես Մամիկոնյանը հնարավորություն են ունեցել երկու ամսով որակավորման դասընթացներ անցնել Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտում և համապատասխան վկայագրեր ստանալ։