«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայությունն ուշադրության կենտրոնում է պահում «Հյուսիս-հարավ» մայրուղու հարևանությամբ գտնվող շուրջ 30 պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը:
Մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանի փոխանցմամբ մինչ օրս հուշարձանի վնասման կամ պահպանական գոտու խախտման դեպք չի արձանագրվել` բացառությամբ մեկի: Մայրուղու շինարարարությունը իրականացնող կազմակերպությունը ճանապարհի շինարարության համար օգտագործելու նպատակով քանդել էր Լանջիկ գյուղի հարակից բլրի հողաշերտի մի հատվածը, որը կարող էր վտանգել բլրի մյուս հատվածում գտնվող «Փարաքար» դամբարանադաշտի անխաթարությունը: Վալերիկ Նազարեթյանի խոսքով անմիջապես զգուշացրել են համայնքի ղեկավարին, շինարարական ընկերության պատասխանատուներին և խնդիրը կարգավորվել է:
Մարզային ծառայության պատասխանատուները, հուշարձանների պահպանության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով, համագործակցում են մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
«Համայնքների ղեկավարներն իրազեկված են, որ հուշարձանների պահպանական գոտիներում պատմամշակութային նշանակության հողերի օտարման, վարձակալման, հողատարածքներում շինարարական, գյուղատնտեսական բնույթի աշխատանքներ իրականացնելիս պետք է նախապես տեղեկացնեն լիազոր մարմնին` ստանալու նրա համաձայնությունն ու թուլտվությունը», – նշել է Վ. Նազարեթյանը:
«Մշակութային Գյումրին առաջիկայում նորովի կներկայանա», -ասում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը` վկայակոչելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը: ՊՄՊ մարզային ծառայության պետը համոզված է, որ Ռուսաթավելի փողոցի նորոգումից հետո Գյումրի այցելող յուրաքանչյուր ոք կզգա մշակութային ավանդույթներով հարուստ քաղաքի շունչը: