ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Հրազդանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով Հրազդան քաղաքի 4-րդ և 5-րդ հիմնական դպրոցների աշակերտների համար կազմակերպվել է էքսկուրսիա քաղաքի պատմամշակութային հուշարձանների տարածքներում։
Մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Կիրակոսյանի և Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Այվազյանի ուղեկցությամբ պատանիները եղել են Ջրառատ թաղամասում գտնվող 12-13-րդ դարերի միջնադարյան եկեղեցու, Հրազդանի միջնադարյան գերեզմանատան, Վանատուր թաղամասի 13-րդ դարի քարավանատան տարածքներում։
Արթուր Կիրակոսյանը դպրոցականներին ծանոթացրել է հուշարձանների պատմությանը, խոսել դրանց պահպանության խնդիրների, գանձագողության դեպքերի մասին։ Նա նշել է, որ գանձագողությունը կարող է ոչ միայն անդառնալի վնաս պատճառել հուշարձանին, այլև քրեական պատասխանատվության ենթարկել իրավախախտներին։ Մասնագիտությամբ հնագետ Արմեն Այվազյանն էլ խոսել է այդ հուշարձանների պատմամշակութային նշանակության մասին։
Հուշարձանների մասին հետաքրքիր ավանդազրույցներ են պատմել աշակերտները, որոնք փոխանցել են մեծերից լսած պատմությունները։
Էքսկուրսիան ավարտվել է հայրենասիրական երգ ու պարով։