Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի պատմամշակութային հուշարձանների տարածքում «Միասնական Հայաստան» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ և ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Կիրակոսյանի, արվեստաբան Գեղամ Ասատրյանի ակտիվ մասնակցությամբ կազմակերպվել է բաց դաս՝ նվիրված տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման և հուշարձանների պահպանության խնդիրներին:
Միջոցառմանը ներկա են եղել Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի բարձր դասարանի աշակերտները, Պետական քոլեջի «Զբոսաշրջության ծառայություններ և օտար լեզուներ» բաժնի ուսանողները, մանկավարժներ: Բաց դասին ներկայացվել են միջնադարյան եկեղեցիների, շինությունների ճարտարապետական առանձնահատկությունները, ինչպես նաև խաչքարային արվեստը, որը մասնակիցներին ներկայացրել է արվեստաբան Գեղամ Ասատրյանը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության գործունեության, հուշարձանների պահպանության խնդիրների մասին է խոսել մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Կիրակոսյանը: Նա նաև անդրադարձել է մշակույթի ոլորտի գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջներին: Մասնակիցները հնարավորություն են ունեցել այցելելու Մաքրավանի վանական համալիր, Ջրառատի Ս․ Կարապետ, Վանատուրի Ս․ Աստվածածին և Ս․ Խաչ եկեղեցիներ, ինչպես նաև Հրազադանի Վանատուր թաղամասում գտնվող Քարավանատուն: Միջոցառման ընթացքում աշակերտներն ու ուսանողները բազմաթիվ հարցեր են ուղղել կազմակերպիչներին։