«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանի նախաձեռնությամբ Արենիի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների համար անցկացվել է «Օրբելյանները և նրանց թողած մշակութային արժեքները» թեմայով բաց դաս: Նա անդրադարձել է Վայոց ձորում Օրբելյանների հաստատվելուն, նրանց ծավալած աշխարհիկ և հոգևոր գործունեությանը ։
«Սմբատ Օրբելյանին հաջողվում է ընդարձակել երկրի վարչական տիրույթները, վերակառուցել շատ ավերված եկեղեցիներ (Տաթևի վանքը, Նորավանքի ժամատունը և այլն), նրա շնորհիվ եկեղեցիները ազատվում են հարկերից: Ստեփանոս Օրբելյանին հաջողվում է հոր՝ Տարսայիճի օգնությամբ միավորել Տաթևի և Նորավանքի աթոռները՝ Սյունյաց հոգևոր կենտրոն դարձնելով Նորավանքը: Նրա պատվերով և հովանավորությամբ ճարտարապետ Մոմիկը Տաթևում կառուցում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Ստ. Օրբելյանը ոչ միայն եկեղեցական գործիչ էր, այլև աստվածաբան, պատմիչ, բանաստեղծ»,- Իր խոսքում նշել է Շաքե Ղարախանյանը։
Վայոց ձորում Օրբելյանների թողած ճարտարապետական ժառանգությունից նա առանձնացրել է Նորավանքի Սուրբ Կարապետ եկեղեցին, նրա գավիթը, Սուրբ Գրիգոր դամբարան-եկեղեցին, որտեղ հետագայում տեղափոխվել է Սմբատ Օրբելյանի աճյունը, Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցին, Արենիում կառուցված Սուրբ Աստվածածինը, Սելիմի քարավանատունը և խոսել դրանց հոգևոր, մշակութային ու ճարտարապետական նշանակության մասին։
«Արփի» բնապատմական արգելոցի վարիչը պատանիներին ներկայացրել է նաև Տարսայիճ Օրբելյանի նստավայրը Եղեգիսից Արփա գյուղ տեղափոխելու վերաբերյալ հետաքրքիր մնարամասներ, խոսել Արփա գետի վրա 13-րդ դարում Տ․ Օրբելյանի կառուցած եռաթռիչք կամրջի մասին, որն այսօր, ցավոք, չի պահպանվել։
Բաց դասի ավարտին Շաքե Ղարախանյանը դպրոցականների հետ հարց ու պատասխանի միջոցով պարզել է, որ պատանիները բավականին տեղեկացված են հայրենի բնակավայրի պատմամշակութային ժառանգությունից, լավ գիտեն հատկապես Նորավանք վանական համալիրի, դրա ճարտարապետական ու պատմական նշանակության մասին։