ՔԱՇԱԹԱՂԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

ՔԱՇԱԹԱՂԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

2018-03-21T09:30:01+00:00 19/03/2018|Լրահոս, Հրապարակումներ|

Քաշաթաղի  երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1996 թ. մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը։  Թանգարանի հավաքածուում ընդգրկված են տարածաշրջանի պեղումների արդյունքում հայտնաբերված առարկաներ ու հավաքչական աշխատանքների շնորհիվ ձեռք բերված հնագիտական նյութեր։

Այս թանգարանը համալրված է Կուր-արաքսյան մշակույթի եզակի ցուցանմուշներով:

Ուշագրավ են Կերենի դամբարանադաշտի պեղումների ժամանակ հայտնաբերված մշակութային արժեքները, որոնք, ընդհանուր  առմամբ, վերաբերում են մ.թ.ա. 9-5-րդ դարերին: Ղարաբաղյան յուրահատուկ խեցեղենին զուգահեռ` թանգարանում ցուցադրվում են այստեղ հայտնաբերված նրբագեղ մարդակերպ անոթներ, որոնք վկայում են տեղի բնակչության արհեստագործության բարձր մակարդակի մասին։ Թանգարանի ամենգրավիչ հավաքածուներից են նույն ժամանակաշրջանի գերեզմանաթմբերում գտնված կիսաթանկարժեք քարից կանացի յուրահատուկ զարդերը:

Ընդհանուր առմամբ թանգարանն ունի շուրջ 5600 ցուցանմուշ: Ներկայացված է հարուստ հնագիտական, պատմագրական և ազգագրական նյութ, հին հայկական գորգեր, դրամներ: Թանգարանի կերպարվեստի բաժնում այցելուներին գրավում է  Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված սրահը։  Առաձին ներկայացված է նաև Քաշաթաղի վերաբնակեցման գործընթացը։

Թանգարանը ցուցասրահ ունի նաև Ծիծեռնավանք համայնքում:

Թանգարանի գործունեության նպատակը հնագիտական, պատմական, ազգագրական հավաքածուի միջոցով աշխարհին հայկական բնակավայրը և հին հայկական մշակույթը ներկայացնելն է:

Քաշաթաղի երկրագիտական թանգարանն արդեն կայացած գիտամշակութային հաստատություն է, որը յուրաքանչյուր այցելուի հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմել Քաշաթաղի պատմական անցյալի և ներկայի մասին։

Թանգարանում պարբերաբար անցկացվում են հետաքրքիր հանդիպումներ,  քննարկումներ ու կլոր սեղաններ՝ ազգագրական, հնագիտական և այլ թեմաներով: 2018 թ․ ընթացքում իրականացվելու են մի շարք հետաքրքիր  մշակութային ու գիտական ծրագրեր: