«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ՊՈԱԿ-ի 2018-2019 թթ․ ծրագրերը։ Նիստը վարել է ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, գիտամեթոդական խորհրդի նախագահ Աշոտ Փիլիպոսյանը։
Խոսելով 2019 թ․ գիտական ծրագրերի մասին, Աշոտ Փիլիպոսյանն անդրադարձել է Մեծամոր հնագիտական հուշարձանի միջնաբերդում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Վարշավայի հնագիտության ինստիտուտի հետ համատեղ իրականացվող պեղումներին: Նա ուրախությամբ նշել, որ կողմերի միջև 2013 թ․ կնքված փոխգործակցության պայմանագիրը երակարացվել է ևս հինգ տարով։ 2018 թ․ Մեծամոր հնավայրում հայ-լեհական արշավախումբը կշարունակի աշխատել քաղաքային թաղամասում և դամբարանադաշտում։
2018 թ․ պեղումները կշարունակվեն նաև Զորաց քարեր (Սյունիք) հնագիտական հուշարձանի տարածքում և Ծովինար (Գեղարքունիք) բնակավայրի մոտ գտնվող Օձաբերդի ամրոցում։
Կշարունակվի 2011 թ․ սկիզբ առած «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՌԴ Ս․ Լիխաչովի անվան մշակութային եվ բնական ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի միջև գիտագործնական համագործակցությունը։
Խոսելով ՊՈԱԿ-ի արգելոցների և արգելոց-թանգարանների էքսկուրսավարների անհատական էքսկուրսիոն տեքստերի մասին, Ա․ Փիլիպոսյանը նշել է, որ դրանք քննարկման և գիտական խմբագրման կարիք ունեն, նա անդրադարձել է նաև գիտագործնական պարապմունքներ անցկացնելուն։
2019 թ․ նախատեսվում է հրատարակել ՊՈԱԿ-ի «Պատմամշակութային ժառանգություն» ժողովածուի V պրակը և «Սյունիք» խորագրով լուսանկարների ալբոմ՝ Գուրոսի ապակե սևանկարների հիման վրա։
Գիտամեթոդական խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել նաև 2018 թ․ հրատարակվող «Պատմամշակութային ժառանգություն» ժողովածուի IV պրակը, «Օձաբերդ» գրքույկը, «ՀՀ պատմամշակութային արգելոց-թանգարանների ստեղծման գործընթացը և կազմակերպման սկզբունքները» աշխատությունը, «Ջուղա» ալբոլը և «Թանգարանի ֆոնդային աշխատանքների հիմունքները» ուսումնամեթոդական ձեռնարկը։
Գիտամեթոդական խորհրդի անդամների կարծիքով առաջարկված բոլոր աշխատանքներն էլ կարևոր դերակատարում և նշանակություն ունեն պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման գործում։ Միևնույն ժամանակ խորհուրդը հեղինակներին առաջարկել է մեկ անգամ ևս որոշակի շտկումներ կատարել տպագրության պատրաստվող աշխատություններում։
Հեղ՝ Ն․ Եփրեմյան