ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Հայաստանի  առաջին  հանրապետության  100-ամյակին  նվիրված  միջոցառումներ  են  տեղի  ունեցել  Կոտայքի  մարզի  մի  շարք  բնակավայրերում,  որոնց  ակտիվորեն  մասնակցել  են  ՊՄՊ  Կոտայքի  մարզային ծառայության աշխատակիցները։

«Եղվարդի  արվեստի  դպրոց»  ՀՈԱԿ-ում  բացվել  է  «Վիշապի  հետքերով»   ցուցադրությունը։

 

Կոտայքի մարզկենտրոնում  միացիալ  Հայաստան  երիտասարդական կազմակերպության  և  ՊՄՊ  Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել  է  Հայաստանի առաջին հանրապետության  պետական գործիչների լուսանկարներով երթ, որն ավարտվել է տոնական  համերգով։

Լեռնանիստ համայնքում  էլ  բացվել  է  Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին  և  Սարդարապատի  հերոսամարտի  հիշատակին  նվիրված  հուշաքար:

Տոնական միջոցառումները նշանավորվել են նաև հուշարձանների տարածքներում իրականացված սանիտարական մաքրման աշխատանքներով։ ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի տեղակալ Սլավա Սարգսյանի և աշխատակիցների  նախաձեռնությամբ  մաքրվել  է  Ե. Չարենցի  տուն  թանգարանի առջև  տեղադրված գրողի կիսանդրի հուշարձանը։ Իսկ Լեռնանիստի  համայնքապետարանի հետ համատեղ ուժերով մաքրվել  է  ԵԱԶ  հուշարձանի տարածքը։

 

Հայաստանի  առաջին  հանրապետության  100-ամյակին  նվիրված  միջոցառումներ  են  անցկացվել նաև  Տավուշի ու Վայոց ձորի մարզերում:  Մասնավորապես  Տավուշի մարզի կրթական  մի  շարք  հաստատություններում, մ/ծ պետի տեղակալ Ռաֆիկ Մուրադյանը հանդես է եկել  Ավարայրի ճակատամարտին, արցախյան ազատագրական պայքարին  առնչվող  զեկուցումներով:

 

Վայոց  ձորի մարզի դպրոցականների համար էլ  Սարդարապատի հերոսամարտին նվիրված  բաց դաս է անցկացվել  «Արփի»  բնապատմական  արգելոցում :  «Գլաձորի համալսարան»  պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի է ունեցել «Հաղթական մայիսի շարունակությունը»  միջոցառում, որին  ներկա  են  եղել Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Բաց դասի ընթացքում  արգելոց-թանգարանի վարիչ  Բարիս Քոչարյանն անդրադարձել է  100 տարի առաջ տեղի ունեցած պատմական բախտորոշ իրադարձություններին, զուգահեռներ անցկացրել մայիսյան հաղթանակների հետ՝ դրանցից գլխավորը համարելով արցախյան ազատամարտն ու  Շուշիի ազատագրումը։  Միջոցառումն ավարտվել է դպրոցականների ու արգելոց թանգարանի վարիչի միջև ակտիվ հարց ու պատասխանով։