«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության ու Հայաստանում «Փոքրիկ տուրիստ» ամառային ճամբարի տնօրենության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Նաիրիի տարածաշրջանի Բուժական համայնքի հանգստյան տան տարածքում հուշարձանների լուսանկարների ցուցադրություն է կազմակերպվել: Ներկայացվել են մարզի նշանավոր պատմական հուշարձանները, հուշաղբյուրները, արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարերը: ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը, տեղակալ` Արամայիս Սեդրակյանը հանգամանալից ներկայացրել են մարզի հուշարձանների պատմական նշանակությունը: Նրանք սիրով պատասխանել են դպրոցականների բազմաթիվ հարցադրումների:
Միջոցառմանը մասնակցել են 30-ից ավելի ճամբարականներ, որոնց խնդրանքով հուլիսի 20-ին համատեղ արշավ կանցկացվի դեպի Թեղենյաց վանական համալիր: Երեխաները կծանոթանան պատմական հուշարձաններին, նաև` տեղանքում կողմնորոշվելու հմտություններին, լեռնագնացության կազմակերպման սկզբունքներին, մասնակիցների անվտանգության խնդիրներին: