ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆինանսական աջակցությամբ հնագիտական պեղումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև գտնվող Օձաբերդ հնավայրում: Այս տարի պեղումները կենտրոնացվել են երկու հատվածում` ամրոցում և արտաքին բնակատեղիում:
Ամրոցում պեղումներն իրականացվել են միջնաբերդից հյուսիս-արևելք գտնվող հարթ հատվածում, որտեղ բացվել են կանոնավոր ճարտարապետությամբ, շարերով և մուտքերով կառույցների հատվածներ: Գլխավոր պատի հաստությունը 3 մ է, իսկ մյուս պատերինը` 1.5 մ: Վերջիններիս բարձրությունը հասնում է մոտ 2 մետրի:
Հնագիտական արշավախմբի ղեկավար Միքայել Բադալյանի փոխանցմամբ, արձանագրվել է շինարարական մի քանի փուլ, որոնք կարելի է թվագրել Ք. ա. 8-րդ դարի կեսից մինչև 6-րդ դարի ավարտն ընկած ժամանակահատվածով: Գտնվել են կավածեփ հատակներ, այրված շերտեր, ինչպես նաև` ամբողջական սափորիկ, որը կարելի է թվագրել Ք. ա. 7-5-րդ դարերով: Միքայել Բադալյանի խոսքով հայտնաբերվել են կարասների, տարատեսակ խեցեղենի բեկորներ, իլիկի գլուխներ, կենդանական ոսկորներ:
«Ակնհայտ է, որ ուշ փուլում սենյակների հատակի մակարդակը բարձրացվել է: Նման պատերով և ճարտարապետությամբ կառույցներ կարծես թե չեն ֆիքսվել Սևանի հարավային ավազանի երկաթեդարյան որևէ ամրոցում»,-ասել է Մ. Բադալյանը:
Պեղումներ են իրականացվել նաև ամրոցից հարավ գտնվող արտաքին բնակատեղիի հարավ-արևմտյան հատվածում: Բացվել է 2 մ լայնությամբ կիսակոպտատաշ քարերով հզոր պատի մի հատված` մոտ 16 մետր: Ֆիքսվել են կավածեփ հատակներ, տնտեսական հոր, ինչպես նաև կցապատեր: Հնագիտական արշավախմբի ղեկավարի խոսքով իրենք գործ ունեն բնակատեղիի արտաքին պարսպաշարի մի հատվածի հետ:
Համաձայն նախնական շերտագրական դիտարկումների` այս կառույցը կարելի է թվագրել հետուրարտական ժամանակաշրջանով Ք. ա. 7-րդ դարի վերջ-6-րդ դար: Հավանաբար այն բարձրացվել է Ք. ա. 8-7-րդ դարի շերտերի վրա: Այս տեղամասից գտնվել են տարատեսակ խեցեղենի և շարժական կրակարանների հատվածներ, մետաղե բեկորներ, կենդանական ոսկորներ և այլն: Պատի հարավ-արևմտյան արտաքին անկյան քիչ հյուսիս ձգվող երկայնքով ուշ փուլում (հավանաբար հելլենիստական) արվել են թաղումներ: Այստեղ բացվել է խմբային և քիչ հյուսիս` մեկ կարասային թաղում: Հնամարդաբանական նյութը ներկայում ուսումնասիրում է ՊՈԱԿ-ի գիտաշխատող, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։
Վերջին հինգ տարիներին Օձաբերդում իրականացված պեղումների արդյունքները ցույց են տալիս, որ հուշարձանը մեծ պոտոնցիալ ունի: Այն կարող է դառնալ կարևոր պատմամշակութային և զբոսաշրջային կենտրոն տարածաշրջանում:
Օձաբերդի պեղված տեղամասերը կկոնսերվացվեն մինչև հաջորդ պեղաշրջանը։