ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ

ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ

2018-11-28T10:49:27+00:00 29/10/2018|Արարատ, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը, ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, տեղակալ Անահիտ Դալլաքյանը և Արարատի մարզպետի օգնական Գևորգ Մանուկյանը, տեղակալի օգնական Աշոտ Վարդանյանը։

Հանդիպման նպատակը Արարատի մարզպետարան- ՊՈԱԿ գործունեության ուղիների քննարկումն է։  Արա Թարվերդյանը, խոսելով հուշարձանների պահպանության գործում կառույցի ու մարզային ծառայության ամենօրյա պատասխանատու աշխատանքի ու այդ ընթացքում հանդիպող տարաբնույթ խնդիրների մասին, կարևորել է մշակութային ժառանգության պահպանության գործում հուշարձանի պահապանի դերը։

«Որպես երիտասարդ և նոր մոտեցումներով առաջնորդվող մարզպետ, առաջարկում եմ զիվորագրվել այս մարզի պատմամշակութային ժառանգության պահպանության մեր ընդհանուր գործին։ Վստահ եմ, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի լուծել ոչ միայն պահպանության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, այլև նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է Արա Թարվերդյանը։

Իր հերթին Արարատի մարզպետ  Գարիկ Սարգսյանը նկատել է, որ մարզն իսկապես բազմաթիվ անելիքներ ունի զբոսաշրջության զարգացման գործում, ինչի համար հրաշալի խթան կարող է հանդիսանալ  մարզի պատմամշակութային ժառանգությունը:

«Մեր մարզ այցելող զբոսաշրջիկին ներկայացվում է հիմնականում Խոր Վիրապի վանքը և վերջ: Մինչդեռ կուզեինք, որ մեր մշակութային ժառանգությունը, հուշարձանները այնպես ներկայացվեին, որպեսզի զբոսաշրջիկը բոլորը տեսնելու համար ավելի երկար մնար մեր մարզում, գիշերեր այստեղ ու հեռանար հարուստ տպավորություններով, որովհետև վստահ եմ, որ մարզում տեսնելու շատ բան կա», – ասել է Գ. Սարգսյանը:

Կարեն Փահլևանյանը մարզպետին տեղեկացրել է, որ ՊՈԱԿ-ի գործունեության կարևոր ուղղություններից է նաև հուշարձանների հանրահռչակման գործառույթը. «Ակնկալում ենք, որ ձեր անմիջական միջամտությամբ, հորդորով համայնքների ղեկավարները առանձնակի ուշադրություն կդարձնեն մարզի պատմամշակութային ժառանգությանն ու ավելի հոգատար կլինեն: Դա կնպաստի հուշարձանների պատշաճ պահպանությանը, ինչը կարծում եմ յուրաքանչյուրիս պատականությունն է՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու աշխատանքային պատասխանատվութունից»։

ՊՈԱԿ-ի տնօրենն ու տեղակալը մարզպետի ուշադրությունն են հրավիրել համայնքների՝ մշակութային շերտ պարունակող հողհատկացումների խնդրի վրա։ Նրանք մարզպետին առաջարկել են համայնքների ղեկավարներին հորդորել ավելի ուշադրիր լինել հողհատկացումների ընթացքում և հետագա խնդիրներից խուսափելու համար Արարատի մարզի  հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժան մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող մշտական հանձնաժողովի կազմում ներգրավել նաև ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակցի:

Կողմերն անդրադարձել են մարզում տեղի ունեցող իրավախախտումների ու գանձագողությունների դեպքերին, քննարկել  դրանցից խուսափելու ուղիները։ Խոսել են նաև Քաղաքատեղի Արտաշատի հասարակական բաղնիքը զբոսաշրջիկներին հասանելի դարձնելու ուղիների մասին, անդրադարձել Դվինի արգելոց-թանգարան ստեղծելուն։ Արա Թարվերդյանն իր հերթին գործընկերային աջակցություն է առաջարկել՝ մարզի հուշարձանների վերաբերյալ բուկլետների կամ գիտական աշխատանքների պատրաստման ու տպագրության գործում:

Մարզպետ Գարիկ Սարգսյանը վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի ՊՈԱԿ-Արարատի մարզպետարան համագործակցությունը ամուր հիմքերի վրա դնելու համար:

Նմանօրինակ հանդիպումներ են նախատեսվում նաև այլ մարզերում: