«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետ Վալերիկ Նազարեթյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Վանիկ Սերոբյանը:
Հուշարձանների պահպանության ու հանրահռչակման ոլորտում որդեգրած քաղաքականության մեջ կարևոր է նաև Տեղական ինքնակառավարման մարմինների դերը: Հենց նրանց հետ սերտ ու ամենօրյա ճիշտ համագործակցության դեպքում հնարավոր կլինի խուսափել մի շարք խնդիրներից:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը Շիրակի մարզպետին է ներկայացրել կազմակերպության գործունեությունը, մարզային ծառայության հուշարձանների պահապանների աշխատանքը պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտում:
«Մեր կազմակերպության գործունեությունը լայն ասպեկտ է ընդգրկում` հուշարձանի պահպանություն, հանրահռչակում, օգտագործում, նաև` գիտահետազոտական աշխատանք: Մենք առավել սերտ գործակցության կոչով ու խնդրանքով ենք դիմում ձեզ, քանի որ դրանից կշահի միայն մեր մշակույթը: Ցավոք, հասարակության շրջանում մեր պահապաններին լավ չեն ճանաչում: Կխնդրեի ձեր հսկողության տակ պահել համայնքների ղեկավարների ու մարզային ստորաբաժանման աշխատակիցների հետ հետագայում իրականացվելիք աշխատանքները», -իր խոսքում ասել է Արա Թարվերդյանը:
Շիրակի մարզպեպետն իր հերթին վստահեցրել է, որ մարզի իշխանությունները պատրաստ են գործակցության:
«Մեր ցանկությունները համընկնում են, չափազանց կարևորում ենք պատմամշակութային ժառանգության պահպանությունը, սա մեր ընդհանուր գործը պետք է լինի։ Վստահ եմ, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի լուծել այս ոլորտում առկա մի շարք խնդիրներ և նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը»,-նշել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:
Մարզպետը ներկաներին պատմել է, որ Մարմաշեն համայնքում իրավախախտման դեպքին անձամբ է առնչվել: Կ. Սարուխանյանը վստահեցրել է, որ ամեն ինչ կարվի նման երևույթները մարզում բացառելու համար:
Արա Թարվերդյանի խոսքով իրավախախտումները բացառելու հարցում մեծ է համայնքների ղեկավարների դերը, մեր հայրենակիցների հետ անհրաժեշտ բացատրական աշխատանքների համատեղ կազմակերպումը:
Անդրադարձ է եղել նաև երբեմն հուշարձանի տարածքում բարերարների կողմից նոր հուշարձան կառուցելուն, ինչն անթույլատրելի է պահպանական գոտու տարածքում: Նշվել է, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նաև գիտակրթական, գիտաճանաչողական միջոցառումներ է իրականացնում, հուշարձանների վերաբերյալ բուկլետներ է հրատարակում:
Մարզպետ Սարուխանյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպում կազմակերպել մարզի 42 համայնքների, կրթօջախների ղեկավարների հետ, որպեսզի ՊՈԱԿ-ի պատասխանատու Խորեն Գրիգորյանը /ով կհամակարգի մարզերում հուշարձանների հանրահռչակմանը միտված աշխատանքները/ կարողանա ներկայացնել գործակցության հիմնական ուղղությունները և աշխատանքները, որ պատրաստվում են իրականացնել համատեղ:
ՊՈԱԿ-ի տնօրենը մարզպետի ուշադրությանն է հրավիրել համայնքների՝ մշակութային շերտ պարունակող հողհատկացումների խնդրի վրա, գերեզմանոցների /հուշարձանների/ տարածքներում հուղարկավորության դեպքերի անթույլատրելիությանը:
Շիրակի մարզը հարուստ է մշակութային ժառանգությամբ, սակայն, դրանցից շատերին օտարերկրացի զբոսաշրջիկները ծանոթ չեն: Հուշարձանները պատշաճ ներկայացնելու, մարզում զբոսաշրջության զարգացմանը խթանելու նպատակով Արա Թարվերդյանն առաջարկել է նաև համատեղ քննարկել ու մշակել ծրագրեր, որոնք կակտիվացնեն այցելուների հոսքը:
ՊՈԱԿ-ի ղեկավարությունը աշխատանքային հանդիպում է ունեցել նաև ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պատասխանատուների հետ: Արա Թարվերդյանն ասել է, որ նկատելի է մ/ծ աշխատանքը և ինքն այն դրական է գնահատում: Նա հորդորել է առավել ակտիվ գործակցել բնակչության ու կրթօջախների հետ:
ՊՈԱԿ-ի ղեկավարությունը լսել է նաև մարզային ստորաբաժանման աշխատակիցներին հուզող հարցերը, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Աշխատանքանյին հանդիպումներ են նախատեսվում նաև մյուս մարզերում: