«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԷՔՍՊՈ 2018Թ.» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ

«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԷՔՍՊՈ 2018Թ.» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ

2018-12-18T15:33:31+00:00 12/11/2018|Լրահոս|

ՀԲԸՄ Հայաստանի պատկերասրահում այսօր տեղի է ունեցել  «Թանգարանային էքսպո 2018թ.» ցուցադրության բացումը: Ներկայացված  34  թանգարանները առաջիկա օրերին  հնարավորություն  կունենան  հետաքրքիր ու կրթական ծրագրերով ներկայանալ այցելուներին: Առանձին տաղավարով է ներկայացել  նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, նաև` ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

Ներկայացված տաղավարների շարքում  են` Ջիվանու  տուն-թանգարանը / Ջավախք/, Արցախի Հանրապետության չորս թանգարանները` «Նիկոլ Դուման» , «Արցախի Պետական պատմաերկրագիտական», «Տիգրանակերտի պետական պատմամշակութային արգելոց», «Շուշի քաղաքի թանգարան» ՊՈԱԿ-ը,  նաև`Երևանի ու մարզերի թանգարաններ:

Միջոցառման նպատակը զբոսաշրջային կազմակերպությունների հետ համագործակցության սերտացումն է, տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների համար բազմաբովանդակ  ծրագրերի և հնարավորությունների ներկայացումը։

Կազմակերպիչների խոսքով  թանգարանների կրթական ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով  «Թանգարանային էքսպո 2018» ցուցադրությանը կհյուրընկալվեն  նաև հանրապետության տարբեր մարզերի դպրոցականներ:

Ցուցադրության պաշտոնական բացմանը մասնակցում էին  ՀՀ մշակույթի նախարար  Լիլիթ  Մակունցը, նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Լեռնիկ  Հովհաննիսյանը, այլք: Նրանք  շրջել են տաղավարներով, ծանոթացել  ներկայացված  նյութերին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տաղավարում  ցուցադրված նյութերը /հրատակարություններ, ծալաթերթեր/  ևս ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարին:

Ի  դեպ, ՊՈԱԿ-ի աշխատակիցները ցուցարդրության ընթացքում կրել են ՊՈԱԿ-ի տարբերանշանով  և «Ի գործ ապագայի» կարգախոսով  շարֆեր:

«Թանգարանային էքսպո 2018թ.» ցուցադրության  բացմանը նախորդել էր հանրային համաժողովի բացում, որի  ընթացքում  ելույթ  ունեցողները կարևորել են թանգարանների դերի բարձրացումը, շեշտել թանգարանների աշխատակիցների նվիրումը գործին:

ՀՀ մշակույթի նախարարի խոսքով վկան` աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից  մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում ներկայացված ցուցադրությունն է /ներկայացվել են Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներ/:

Թանգարան-համայնք կապի ակտիվացման ու թանգարանը  օտարերկրացիների համար առավել գրավիչ դարձնելու  մասին է խոսել Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Թանգարանը մեր ինքնության ամենամեծ գրավականն է, այն կարող է դառնալ քաղաքի այցեքարտը: Մենք այդ ուղղությամբ  հստակ աշխատանքեր ենք իրականացնում», -ասել է Լ. Հովհաննիսյանը:

Համաժողովի մասնակիցները, որոնց թվում նաև արտերկրից ժամանած փորձագետներ են, ներկայացրել  են  ժամանակակից  ու  հետաքրքիր ծրագրերով  այցելուներին  հյուրընկալելու  իրենց  մոտեցումները:

 

Հ. Գ. Նշենք, որ  ՀԲԸՄ, ԻԿՕՄ Հայաստան, ՀՀ մշակույթի նախարարություն,  USAID  և այլ գործընկեր կազմակերպությունների նախաձեռնած «Թանգարանային էքսպո 2018 թ.»  ցուցադրությունը կգործի  մինչև  նոյեմբերի 14-ը:

Միջոցառումը  համընկել  է  Թանգարանների  աշխատակիցների և բարեկամների ասոցիացիայի կազմավորման  15  և  ԻԿՕՄ  Հայաստանի ազգային կոմիտեի 10-ամյակներին: