Անցնող տարում Արցախի Հանրապետության մի շարք հուշարձանների տարածքներում հնագիտական արշավախմբերը աշխատանքներ են իրականացրել ու հետաքրքիր բացահայտումներ արել: Արցախի մեր գործընկերները խոստանում են գործակցությունը ամրապնդել ոչ միայն հնագիտության, այլև` հուշարձանների պահպանության ոլորտում: Հայկական երկրորդ հանրապետության ու համայն հայության պատմամշակութային ժառանգության պահպանությունը միասնական ջանքերով առավել արդյունավետ կիրականացվի: Փորձի փոխանակում, համատեղ միջոցառումների` ցուցադրությունների, գիտաժողովների իրականացում, կադրերի վերապատրաստում: Սրանք նախանշվող աշխատանքների ամենակարևոր ուղղություններն են:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Թարվերդյանը Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արմինե Հայրապետյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է կազմակերպության կառուցվածքը, գործառույթներն ու իրավասությունները, խոսել` անցնող տարում իրականացրած կարևոր ծրագրերի մասին:
Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարարության «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարն էլ տեղեկացրել է, որ գործառույթները հիմնականում նույնն են: ՊՈԱԿ-ի ենթակայության տակ 5 արգելոց ու 6 շրջանային ծառայություններ են: Արմինե Հայրապետյանի խոսքով կազմակերպության ֆոներում շուրջ 7000 առարկա է պահվում: Խոսելով հուշարձանների տարածքներ զբոսաշրջիկների այցելությունների մասին, տիկին Հայրապետյանը նշել է, որ նրանք հետաքրքրություն են ցուցաբերում Տիգրանակերտի թանգարանի նկատմամբ:
Արա Թարվերդյանը կարևորել է հուշարձանների պահպանության գործում միասնական ջանքերի ներդրումը, ճանաչողական այցերի անհրաժեշտությունը:
Զբոսաշրջության զարգացմանը խթանելու և տուրիստական ընկերությունների հետաքրքրությունն առավել ակտիվացնելու հարցում էլ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պատրաստ է կիսվել սեփական փորձով ու համատեղ աշխատել:
«Շատ կարևոր է բովանդակալից ու հետաքրքիր տեղեկատվության փոխանցումը տուրիստներին, նաև` բուկլետների հրատարակումը», -իր խոսքում ասել է Ա. Թարվերդյանը, կարևորելով նաև արցախցի գործընկերների մասնակցությունը միջազգային ծրագրերին:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի փոխանցմամբ հուշարձանը` հատկապես արգելոց-թանգարանները պետք է հնարավորինս հասանելի դարձնել հասարակությանը` չսահամանափակվելով միայն այցելութուններով, այլ հնարավորություն տալով քաղաքացիներին ու կազմակերպություններին`պահպանելով հուշարձանի անխաթարությունը բարեխղճորեն օգտագործել հուշարձանի տարածքը:
Հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019 թ. գարնանը Արցախի Հանրապետությունում գիտաժողով անցկացնել, կլինեն նաև` փորձի փոխանակմանը միտված հանդիպումներ: ՊՈԱԿ-ի ղեկավարությունը նախատեսում է այցելել Արցախի հուշարձանների տարածքներ, արգելոց-թանգարաններ` տեղում քննարկել աշխատանքի ընթացքում ծագող հարցեր:
Հանդիպման ավարտին Արա Թարվերդյանը արցախցի գործընկերոջը նվիրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակություններից մի քանիսը. «Ջուղա» հարյուրամյա ցեղասպանության վկան քառալեզու ալբոմը, «Գորգերի և Կարպետների հավաքածու»-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ցանկում ընդգրկված հայկական հուշարձանների, ինչպես նաև` «Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների» կատալոգները:
Հրատարակություններն առայժմ գրախանութներում չկան, սակայն, գալիք տարի ՊՈԱԿ-ի ղեկավարությունը նախատեսում է դրանք ներկայացնել Հայաստանի և Արցախի ընթերցողին: