ՊՄՊ Երևանի մարզային ծառայության և ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի համատեղ նախաձեռնությամբ պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանը և անխաթար պահպանությանը նվիրված միջոցառում է անցկացվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
«Բանակ-կրթություն-մշակույթ» ծրագրի շրջանակում նմանօրինակ միջոցառումներն անցկացվում են պարբերաբար։ Այս անգամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հյուրընկալվել են ՊՄՊ Երևանի մարզային ծառայության պետ Վրեժ Հաջյանը, ՊՈԱԿ-ի մշակութային միջոցառումների կազմակերպման և մարքեթինգի բաժնի վարիչ Արմեն Իսրաելյանը, աշխատակիցները, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը և նույն ամբիոնի դասախոս Ռաֆիկ Նահապետյանը։
Ողջունելով ռազմական համալսարանի ուսանողներին, Վրեժ Հաջյանը խոսել է Երևանի պատմամշակութային հուշարձանների առանձնահատկությունների, պահպանության խնդիրների, հանրահռչակմանը ուղղված տարբեր միջոցառումների մասին։ Վ․ Հաջյանը կարևորել է «Բանակ-կրթություն-մշակույթ» ծրագրի շրջանակում հուշարձանների տարածքներում իրականացվող սանիտարական մաքրման աշխատանքներին ռազմական համալսարանի ուսանողների ու ընդհանրապես զինծառայողների ակտիվ մասնակցությունը։
ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը հանդես է եկել «Հայաստանի հնագիտական նորությունները մեր օրերում» թեմայով դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում և Արցախում կատարված հնագիտական բացահայտումներին․« Դրանք վկայում են մեր երկրի և ժողովրդի հինավուրց լինելու մասին։ Պատմամշակութային առումով այդ հնագիտական ձեռքբերումները համաշխարհային լայն ճանաչման արժանացած հայտնագործություններ են, որոնք բացառիկ նշանակություն ունեն»։
Հայկ Ավետիսյանը մասնավորապես անդրադարձել է Արցախի Տիգրանակերտ քաղաքին, Ազոխի բնակավայրի և ընդհանրապես պատմամշակութային նշանակություն ունեցող քարանձավային մշակույթին, Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում գտնվող «Թռչունների քարայր» կոչվող տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված 5․500 տարվա հնության կոշիկին։ Նա խոսել է նաև հնագիտական պեղումների ժամանակ գտնված զենքերի տեսակների մասին, որոնք պատրաստման տեխնիկայի առումով բացառիկ են։
ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Ռաֆիկ Նահապետյանը իր «Հայը և նրա հայրենիքը» դասախոսության ընթացքում անդրադարձել է հայ ժողովրդի ծագումնաբանական խնդիրներին ու նրա հայրենիքը ներկայացրել որպես հնագույն քաղաքակրթության առաջացման օրրան։
Հանդիպման ավարտին ռազմական համալսարանի ուսանողները դիտել են Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին պատմող «21-րդ դարի վանդալները» ֆիլմը։