ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԳՈՒՐՈՍԻ ԳԵՂԱՆԿԱՐ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԳՈՒՐՈՍԻ ԳԵՂԱՆԿԱՐ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14: 00-ին  «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանում  կբացվի  ինքնուս  լուսանկարիչ,  ՀԽՍՀ վաստակավոր  նկարիչ  Գուրոսի  (Գուրգեն Պարոնյան)  գեղանկար  և լուսանկար  աշխատանքների  ցուցահանդեսը։

Գուրոսը  ծնվել  է  Գորիսում`  Մելիք  Օհանյանների  հայտնի գերդաստանում։  Քսաներկու  տարեկանից  զբաղվել  է  լուսանկարչությամբ` փաստագրել  հայրենի բնաշխարհի գողտրիկ  անկյունները,  ամենահետաքրքիր  ու  նվիրական պատկերները, գորիսեցիների,  քաղաքի կենցաղը, կասկադային ճարտարապետություն ունեցող գյուղերը:

Գուրոսի  հույզերն ու ապրումները յուրովի  են արտահայտվում նաև կերպարվեստում։  Նրա ստեղծագործություններում զգացվում է անսահման սեր ու նվիրվածություն  ծննդավայրին, բնությանը:

Լուսանկարչի` պատմական հուշարձաններին  նվիրված գեղանկար աշխատանքներից  քսանհինգը,  նաև՝  բնօրինակ ապակե սևանկարների մի զգալի մասը  (1988 թ.)  պահվում  է  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ում։

Ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվելու են պատմական հուշարձաններին նվիրված բարձրորակ կրկնօրինակներ՝ կատարված սևանկարներից և  քսանհինգ  գեղանկար  աշխատանք։

 

Հ. Գ. 1928-ին Գորիսում  Գուրոսը  բացել  է  գեղարվեստական լուսանկարչատուն, որը գործել է  մինչև 1932թ.։ 1933թ-ին ընտանիքով Գուրոսը  տեղափոխվել է Երևան։ Լուսանկարչի կյանքում շրջադարձային է եղել  ՀԽՍՀ  ժողովրդական  նկարիչ  Փանոս  Թերլեմեզյանի հետ հանդիպումը: Վարպետի միջնորդությամբ 1936թ. Գուրոսը  ուսանել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում (6 ամիս)։  Նույն տարում մասնակցել  է նաև  հանրապետական ցուցահանդեսների: 1945, 1958, 1968 թթ․ կազմակերպել  է անհատական ցուցահանդեսներ Երևանում, 1939, 1958 թթ․ Մոսկվայում մասնակցել  է  հայկական  արվեստի  տասնօրյակներին։