ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ապրիլի 5-ին, ժամը 16:00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի «Հայ մտավորականները ֆրանկոֆոն մշակույթում» խորագիրը կրող ցուցահանդես:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի համատեղ կազմակերպած ցուցադրությանը կներկայացվեն հայտնի մտավորականների լուսանկարներ, ձեռագրեր, գրքերի ձևավորումներ, մամուլի հրապարակումներ, ազդագրեր և այլն:

Մասնավորպես՝ Երվանդ Քոչարի գրաֆիկ աշխատանքներից «Անրի Բարբյուսի դիմանկարը», եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի «Ընկեր Փանջունի» (Ե. Օտյան, 1938), «Մեծապատիվ մուրացկաններ» (Հակոբ Պարոնյան, 1962) երկերի պատկերազարդումները, Ժանսեմի՝ Ֆրանսիացի հեղինակների գրքերի ձևավորումներից մի քանիսը, Էդգար Շահինի գրաֆիկական արվեստի աշխատանքները։

Կցուցադրվեն նաև՝ Արշակ Չոպանյանի Փարիզում հրատարակած «Անահիտ», «Ապագա» ամսագրերի օրինակները, Ֆարիզում կազմակերպված հանրային համաժողովների, «Անի»  հայ արվեստագետների խմբավորման, «Հայ անկախ արվեստագետների միության» ցուցահանդեսների ազդագրերը, հրավիրատոմսեր, Փարիզում հայտնի հայ երաժիշտների, գրողների և մտավորականների լուսանկարներ, ձեռագիր մասունքներ և այլ արժեքավոր փաստաթղթեր։

Նույն օրը՝ ժամը 17:00-ին, «Զվարթնոց» արգելոց-թանգարանի այցելուները կարող են դիտել  ֆրանսիական «Մի լքիր ինձ» («Ne me quitte pas») թատերական պարային ներկայացումը՝ Փոքր թատրոնի մասնակցությամբ: Պարային ներկայացումը հիմնված է ֆրանսիական հանրահայտ «Ne me quitte pas» երգի տարբեր մեկնաբանությունների վրա:

Սիրով հրավիրում ենք բոլորին: