Մայիսի 17-ին, ժամը 15-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանին նվիրված՝ «Ճանապարհ դեպի տաճար» խորագիրը կրող ցուցահանդեսը: Կներկայացվեն թանգարանային առարկաներ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի հավաքածու»-ից, ինչպես նաև Շարամբեյանի անձնական իրեր, գեղանկարներ, որոնք տրամադրել են նրա ժառանգները:
Հովհ. Շարամբեյանը մեծ ավանդ է ներդրել թանգարանաշինության և մշակութային ժառանգության պահպանության գործում: Արվեստագետի գործունեությունը ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի հենց այդ համատեքստում:
Հեղինակային բնօրինակ էսքիզների և լուսանկարների միջոցով կներկայացվի Շարամբեյանի անցած ուղին՝ շեշտը դնելով թանգարանաշինության և հուշարձանների պահպանության գործունեության վրա: Հովհաննես Շարամբեյանի գեղանկարներում առանձնահատուկ է Դիլիջանը. քաղաքի բնապատկերներով հեղինակային բնօրինակ գեղանկարները կցուցադրվեն՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Դիլիջանի»-ի մասնաճյուղի և արվեստագետի ժառանգների տրամադրված հավաքածուներից:
Կներկայացվեն նկարչի այն աշխատանքները, որոնցում ազգային, ավանդական մոտիվների շնորհիվ շեշտված է նրա ազգային ինքնությունը:
«Թանգարանների գիշեր» ամենամյա և Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. Ավանդույթի ապագան» խորագիր կրող միջոցառումներ են նախատեսվում «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ մյուս արգելոց-թանգարաններում: