ՏՈԼՄԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՅԱՑԱՎ. «ԶՎԱՐԹՆՈՑ»-Ը ՄԱՐԴԱՇԱՏ ԷՐ

ՏՈԼՄԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՅԱՑԱՎ. «ԶՎԱՐԹՆՈՑ»-Ը ՄԱՐԴԱՇԱՏ ԷՐ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է տոլմայի 9-րդ համահայկական փառատոնը: Նպատակը՝ հայկական ավանդական ուտեստի նորովի ու յուրօրինակ ներկայացնելն ու  փառատոնի միջոցով հուշարձանի հանրահռչակումն էր:

35 տաղավարները հետաքրքիր էին մոտեցմամբ ու գաղափարներով: Տոլմայից բացի որոշ տաղավարներում ներկայացվել էին նաև քաղցրավենիք, ընդեղեն, չրեր:

Տոլմայի անուշ բույրով լցված արգելոց-թանգարանը մարդաշատ էր վաղ առավոտից: Այցելուները եկել էին մինչև միջոցառման պաշտոնական բացումը: Նրանք հետաքրքրությամբ հետևում էին նախապատրաստական աշխատանքներին, տաղավարների մոտ հարց ու փորձ անում, թե ինչ բաղադրությամբ է պատրաստված տոլման:

Ազգային երգ երաժշտության հնչյունների ներքո ուղիղ ժամը 14:00-ին հայտարարվել է միջոցառման պաշտոնական բացումը: Արգելոց-թանգարանի տարածքում «ասեղ գցելու» տեղ չկար:

Փառատոնի մասնակիցներին ողջունել են միջոցառման կազմակերպիչները՝ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Նրանք ներկաներին մաղթել են հետաքրքիր ու լավ ժամանց, նշելով, որ հայկական խոհանոցում տոլման առանձնահատուկ տեղ է զբաղեցնում:
Միջոցառումը հետաքրքրել էր օտերերկրացի՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, ՌԴ-ից, Գերմանիայից և այլ երկրներից ժամանած այցելուներին, ովքեր տոլմայի մասին «բացահայտումներ» էին անում հենց տեղում: Նրանք  համտեսում էին՝ չթաքցնելով իրենց հիացմունքը:  Օտարերկրացիներից մի քանիսն էլ միացել էին նաև ավանդական երգ երաժշտության հնչյունների ներքո պարող տեղացիներին:

Տոլմայի 9-րդ համահայկական փառատոնին ներկայացված տեսականին տպավորիչ էր՝ խաղողի թփով, կաղամբով, հազարի թերթիկներով, սկնկով, ավելուկով, ընկույզի միջուկով, քաղցր բլիթով, կարմիր լոբով, բանջարեղենով պատրաստած ու նույնիսկ խորոված տոլմա:  Փառատոնին ներկայացված ամենաերկար տոլման 100 մետր էր:

Ամենահետաքրքիր ու գրավչությամբ մյուսներինչ չզիջող տաղավարներից մեկը Պաշտպանության նախարարության N  զորամասինն էր: Ժամկետային զինծառայողները շատ կարճ ժամանակահատվածում էին պատրաստվել միջոցառմանը, սակայն, ներկայացել էին հավուր պատշաճի՝ տոլմայի 7 տեսականիով:

Զորամասի հրչամանատար, փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի խոսքով, ամնամարդաշատ տաղավարներից էր և դատելով այցելուների գովասանքի խոսքերից՝ հաջողվել է համեղ տոլմա պատրաստել:

Ժամկետային զինծառայող, մասնագիտությամբ խոհարար Սերյոժա Գասպարյանի խոսքով իրենց աշխատանքը ներկայացրել են մանրակերտի վրա.  Շուշիի բերդն ու քաղաքի այլ կառույցներ են: Մտահղացումը շարքային Գասպարյանինն էր, առիթը՝ մայիսյան եռատոները:

«Պատրաստել ենք կաղամբով տոլմա, Հադրութի, Ստեփանակերտի տոլմա ունենք: Լոբով ու լոբու տերևով, ամառային, պասուց ու սնկով տոլմաներ կա», -նշել է ժամկետային զինծառայողը:

«Բուրյաթիայի Հանրապետության խոհարարներ» ասոցիացիայի նախագահ Երվանդ Ղալաչյանի խոսքով կային շքեղ ներկայացրած աշխատանքներ: Ժյուրին փորձել է բոլոր աշխատանքները ու գնահատել ըստ արժանավույն: Ինձ մոտ տպավորվել է ոչխարի ծեծած մսով պատրաստած, հազարի տերևի մեջ փաթաթած ու խորոված տոլման: Նաև Հայաստանի քարտեզն էր մանրակերտի վրա՝ բացիկներով ներկայացրել էին մարզերը», -նշել է Ե. Ղալաչյանը:

Նրա խոսքով, 140 ազգություն ունեցող Բուրյաթիայում այս տարվա հունիսին նմանօրինակ միջոցառում կանցկացվի: Մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Փառատոնի ավարտին խստապահանջ ժյուրիի անդամները ներկայացրել են արդյունքները՝ «Լավագույն համ» անվանակարգում հաղթել է  The spot թիմը, «Լավագույն տեսք»՝ ՊՆ N զորամասը ներկայացնող թիմը, «Լավագույն մտահղացում»՝ Երևանի N 6 արհեստագործական պետական ուսումնարանը: Բացարձակ հաղթող է ճանաչվել՝ «Մեգերյան կարպետ» թիմը: