ՍԵՆՏ-ՇԱՊԵԼԻ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿԸ ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

ՍԵՆՏ-ՇԱՊԵԼԻ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿԸ ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում նախանշված է «Սենտ Շապելի հարթաքանդակը  Զվարթնոց տաճարի վերակազմության ակունքներում» խորագիրը կրող միջոցառումը։

Ֆրանսիական գոթական ճարտարապետության և զարդարվեստի աչքի ընկնող կոթողներից  մեկը՝  Փարիզի Սենտ -Շապելի տաճարը կառուցվել է 1243-1248 թթ.: Իր սքանչելի վիտրաժներով հայտնի հուշարձանը հայ արվեստաբանների ուշադրությունը գրավում է միջնադարյան եկեղեցու արևմտյան ճակատի երկրորդ հարկի բաց սյունասրահի մուտքի ձախ քարակոփ պատին պատկերված հարթաքանդակների շարքով և բազում բանավեճերի առիթ դառնում:

Հարթաքանդակներում պատկերված է ջրհեղեղի պատմությունը՝ նոյան տապանով և եռահարկ, ռոտոնդաձև մի շինությամբ։ Այս հարթաքանդակների մասին աոաջին անգամ գրել  է  ճարտարապետ Տիրան Մարությանը 1959թ. ում համոզմամբ, Արարատ լեռան հետ կապված Նոյի բիբլիական լեգենդը պատկերող զարդաքանդակներում պատկերված եկեղեցական շենքը Արարատյան դաշտում մինչև X դարը կանգուն մնացած Զվարթնոց տաճարի վերարտադրությունն է։

Անվանի ճարտարապետի մեկնաբանությանը, գիտական աշխարհում հնչած այլ կարծիքների ծանոթանալու համար սիրով հրավիրում ենք ներկա գտնվել  դեկտեմբերի 15-ին կայանալիք միջոցառմանը։

Ի դեպ,  Սենտ-Շապելի հայտնի հարթաքանդակների էությանը, Զվարթնոցի հետ առնչություններին ու Զվարթնոցի վերակազմությանը կանդրադառնա պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը /Տիրան Մարությանի որդին/։

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցասրահում տեղի կունենա Սենտ – Շապելի հարթաքանդակներից մեկի /կրկնօրինակ ցուցանմուշի/ բացման արարողությունը:

Կրկնօրինակի հեղինակը քանդակագործ Վիգեն Ավետիսն է, ով բազմաթիվ քանդակներ ունի աշխարհի տարբեր երկրներում։