Մեծամորի գտածոները

Մեծամորի գտածոները

Մեծամորի ցուցադրության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում արգելոց-թանգարանի ոսկե իրերի հավածքածուն։ Իր յուրօրինակ գեղեցկությամբ այն մշտապես գրավել է այցելուների ուշադրությունը։ 

Դեկտեմբերի 15-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում անցկացվող գիտաժողովին զուգահեռ կբացվի Մեծամորի ոսկու՝  հատուկ զետեղարանի նոր ցուցադրությունը։  

Մինչ  այդ, առաջարկում ենք ծանոթանալ ցուցադրության մեջ ներկայացված որոշ  գտածոների հետ:

Եգիպտա-կասսիտական չափակշռային համակարգի մեջ մեծամորցիների ներգրավված լինելու հանգամանքը փաստում է նաև դամբարանադաշտից հայտնաբերված սարդոնիքսե գորտաձև կախիկը: Գորտի արձանիկ-կախիկը կշռաքար է ծառայել, քանի որ դրա քաշը (8,64 գր.) համապատասխանում է բաբելոնյան 1 սիկղ կշռաչափին:

Եգիպտոս-Միտաննի-Կասսիտական Բաբելոն եռադաշինքի հետ մ.թ.ա. XVI-XIV դդ. Մեծամորի կառավարիչների ունեցած քաղաքական և մշակութային կապերի մասին վկայում են նաև Թութմոս III-ի և Ռամզես II-ի ժամանակներին վերաբերող   եգիպտական կոյաբզեզ-դրոշմները, ինչպես նաև Կուրիգալզու I-ի և միտաննական  գլանաձև կնիքները: 

Մեծամորի ուշբրոնզեդարյան նյութերում առանձին մեծ խումբ են կազմում բնակավայրի տարբեր հատվածներից և դամբարաններից հայտնաբերված կենցաղային, տոնահանդեսային և ծիսական խեցեղենի ամբողջական և բեկորային նմուշները: Սրանք ներկայացված են գավաթներով, կճուճներով, քրեղաններով, թասերով, նախշազարդ և արձանազարդ սափորներով, թաղարներով, կեռնոսներով, պատվանդաններով, ծորակավոր անոթներով և այլն: Դրանց մի մասը ժամանակին օգտագործվել է Մեծամորի սրբարաններում Նոր տարվան, բնության զարթոնքին, արևի, լուսնի, հողմի ու ջրի աստվածություններին նվիրված տոնահանդեսների, նվիրագործական ծեսերի, ծննդին ու մահվանն առնչվող արարողությունների իրականացման ժամանակ: