Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ին, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց–թանգարանում կմեկնարկի «Մեծամորյան ընթերցումներ-2» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը։
Հաջորդիվ՝ ժամը 12:00-ին, կբացվի «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շրջանակում։
Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Ալֆրեդ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք:
Նշենք, որ «Մեծամորի ոսկին» խորագրով ցուցադրության մեջ ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։ Հավաքածուի մեջ կան ոսկու թիթեղից պատրաստված կախիկներ, ուլունքահատիկներ, զարդակոճակներ, վզնոցներ, ճարմանդներ, ճակատակալներ և այլն։ Ոսկու սրահում ցուցադրվում են նաև ագաթից, սարդիոնից, սարդոնիքսից, սաթից պատրաստված թանգարանային
«Մեծամորյան ընթերցումներ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը նվիրված է 2017-2021 թթ․ հնավայրի տարածքում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքներին։ Գիտաժողովի բացմանը զեկուցումներով հանդես կգան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, պ․գ․դ. Աշոտ Փիլիպոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը։ Առցանց ձևաչափով գիտաժողովին կմասնակցեն Պավել Շուլգինը (ՌԴ), Քշիշտոֆ Յակուբյակը (Լեհաստան), Գոդերզի Նարիմանիշվիլին (Վրաստան), Զուբայա Սուրագանովան (Ղազախստան): Գիտաժողովին ելույթ կունենան նաև այլ մասնակիցներ։