Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին նշվում է նաև «Գիրք նվիրելու» համաշխարհային օրը։ Տարեց տարի այն առավել մեծ ժողովրդականություն է ստանում՝ ընդգրկելով ոչ միայն կրթօջախները, այլև՝ թանգարանները, գրադարանները, գրախանութները։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և հանրահռչակմանը զուգահեռ հրատարակում է նաև աշխատություններ, մենագրություններ, ուղեցույցներ, կատալոգներ, գիտահանրամատչելի նյութեր։
Գիրք նվիրելու օրվան ՊՈԱԿ-ը միանում է բազմաբովանդակ հրատարակություններով /տարբեր լեզուներով/ և գիտակրթական ծրագրերով։
Փետրվարի 19-ին կազմակերպությունը գիտահանրամատչելի գրքույկներ կնվիրի մանկատներին և ծերանոցներին, նաև՝ կրթական ծրագրեր կիրականացնի։
Պատմամշակութային ժառանգությանը, արգելոց-թանգարաններին, հուշարձաններին նվիրված գիտահանրամատչելի գրքույկներ, գիտաժողովների հոդվածների ժողովածուներ, մենագրություններ կհանձնվեն մարզերի թանգարաններին, գրադարաններին, Հայաստանում գործող միջազգային ուսումնական հաստատություններին /օտար լեզուներով/։
ՊՈԱԿ-ի հրատարակություններից նվեր կստանան նաև գործընկեր կազմակերպությունները։